Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նիստում Զանգեզուրի կամ այլ միջանցքի հարց չի քննարկվել՝ նշում է քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքը պարզ է դառնում, երբ ընթերցում ես նիստի վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հաղորդագրությունը։
Մովսես Հարությունյան (քաղաքագետ) - Այստեղ բացակայում են միջանցք, Սյունիք, Մեղրի, Զանգեզուր տերմինները: Այստեղից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմի պնդումները, որ քննարկումներ են գնում միջանցքային տրամաբանությամբ, սուտ են: Այդ հայտարարություններն արված են ներքին լսարանի համար, ինչպես նաև Հայաստանի հասարակությանն են ուղղված, որպեսզի խուճապային մթնոլորտ առաջացնեն:
Մոսկվայում կայացած հանդիպման մասին Ռուսաստանի կառավարության կայքում նշված է. «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»:
Նույնական է նաև Հայաստանի գործադիրի հաղորդագրությունը. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները: Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը:
Քաղաքագետը նկատում է՝ օգոստոսի 17-ի եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հերթական անգամ հակասում է իր իսկ կեղծ պնդումներին:
Մովսես Հարությունյան - Ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով հայտարարում էր միջանցքի մասին, խոսում էր Զանգեզուրի միջանցքի մասին, սակայն երեկվա աշխատանքային խմբի հայտարարությունից հետո նույն ադրբեջանական մամուլը, որը գտնվում է պետական վերահսկողության ներքո, տարածում էր նույն ՌԴ կառավարության տեքստը, որում միջանցք տերմինը բացակայում էր, այսինքն՝ նույն ադրբեջանցիները երեկ ընդունեցին, որ միջանցքային քննարկումներ տեղի չեն ունենում:
Մովսես Հարությունյանը չի բացառում, որ աշխատանքային խմբի շրջանակում առաջիկայում կքննարկվեն նաև Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների վերաբերյալ հարցերը:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է հունվարին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով: Աշխատանքային խումբը մինչև այս անցկացրել էր երկու նիստ, վերջինը՝ փետրվարի 12-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան