Վերապատրաստվում են ոչ միայն ուսուցիչները, այլև դպրոցների տնօրենները և ուսումնական գծով փոխտնօրենները․ Տավուշի մարզի դպրոցներում նոր ուսումնական տարում հանրակրթության պետական չափորոշիչի փորձնական ներդրման ծրագրի պահանջն է: «Զարգացման մեկամյա ծրագրի» մեկնարկը Դիլիջանի կենտրոնական դպրոցում վերապատրաստման եռօրյա դեմ առ դեմ դասընթացներն էին, որը կոչել են ներգրավման փուլ:
Սոնա Կոշեցյան («Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Այս ընթացքում է, որ պետք է միասին հասկանանք, թե մեկ տարվա ընթացքում ինչպես ենք իրար հետ սովորելով, իրար օգնելով, ուղղորդելով այս գործընթացների մեջ ներգրավվելու, ինչպես են, որպես առաջնորդներ, դառնալու կրթական բարեփոխումների կարևորագույն մասը և դերակատարը:
Ընդգրկուն ու բազմաշերտ այս գործընթացում առանցքային դեր է վերապահված դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին, նրանց կառավարման որակին: Որքան էլ ուսուցիչը հմուտ ու բանիմաց լինի, դժվար է սպասված արդյունքն ստանալ՝ առանց տնօրենի ճիշտ ուղղորդման՝ համոզված են փորձագետները:
Արամ Փախչանյան («Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վերապատրատող փորձագետ) - Մեր նպատակն է օգնել տնօրեններին՝ հաղթահարել այն անջրպետը, որը բաժանում է վարչարարական մոտեցումը և ժամանակակից կրթությանը միտված, գիտության վրա հենված կառավարման մոտեցումն է, և ուղղորդել նրանց ինքնազարգացման ճանապարհին, բերել այդ նոր տարածք: Այստեղ ներբերում ենք աշխարհի փորձը, Հայաստանի կուտակած փորձը:
Մի քանի ձևաչափով տեսական ու գործնական շփումների, հանդիպումների, քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև կիսելու իրենց ակնկալիքներն ու մտահոգությունները; Տնօրենները պատրաստակամորեն ընդառաջ են գնում նոր փոփոխություններին, կարևորում վերապատրաստման անհրաժեշտությունը:
Անահիտ Աբգարյան (Բերդի 4-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Ես կարծում եմ, որ այս վերապատրաստումը մեզ կօգնի ավելի արդյունավետ կառավարելու դպրոցը, պատրաստ ենք պատվով իրականացնելու այս գործընթացը:
Գևորգ Բիջոյան (Այրում համայնքի Հաղթանակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Բոլորս էլ ակտիվ մասնակցում ենք, խորքից ծանոթանում բոլոր ծրագրերին, նյութեր ունենք մեր ձեռքի տակ, անընհատ աշխատում ենք, ակնկալում ենք, որ սեպտեմբերի 1-ին նոր ոգով, նոր շնչով կկարողանանք մտնել դպրոց:
Այդ սպասելիքով մասնակիցներին առցանց ուղերձ հղեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Դպրոցների կառավարման պատասխանատուների հետ առցանց և դեմ առ դեմ ևս մի քանի հանդիպումներ են նախատեսվում մինչև ուսումնական տարեվերջ:
Հեղինակներ՝ Գայանե Թամամյան, Հովհաննես Վարդանյան