Ստեղծված օպերատիվ մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում և հակառակորդի սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան: Խորհրդարանական երեք խմբակցության պատգամավորների հետ ավելի քան մեկ ժամ տևած փակ քննարկումից հետո հայտարարեց Գլխավոր շտաբի պետի տեղակալ էդվարդ Ասրյանը:
Էդվարդ Ասրյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ - Եթե հանրության շրջանում տարածված է, որ մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդն անկորուստ է, այդպես չէ: Հակառակորդը նույնպես ունենում է կորուստներ՝ ինչպես մարդկային, այնպես էլ սանիտարական: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և խնդիրը, որ առաջադրված է բանակին, Զինված ուժերին, կատարելու ենք պատվով:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին ադրբեջանական Զինված ուժերը սադրանքի են դիմել միանգամից մի քանի ուղղությամբ: Արարատի, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածերում ծավալված մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ, մեկ վիրավոր, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։ Գեներալի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով ճնշել հայկական կողմին, բայց դա նրան չի հաջողվում:
«Լուրերի» հարցին՝ հակառակորդի նպատակն առաջխաղացում ունենա՞լն է, գեներալը պարզաբանեց.
Էդվարդ Ասրյան - Առաջխաղացում ունենալը դա ռազմական տերմինաբանության մեջ տարբեր կերպ է հասկացվում: Գուցե դրա միտումը չի ունեցել, ցանկացել է ստուգել մեր զինծառայողների ծառայությունը և թե ինչպես է հայկական կողմն արձագանքում իրենց սադրիչ գործողություններին:
Ադրբեջանի նախագահը երկու օր առաջ հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել՝ ասելով, թե Սև լիճն ամբողջությամբ ադրբեջանական տարածք է: Ալիևը կարող է ասել՝ ինչ ուզում է, բայց դա իրականության հետ կապ չունի՝ արձագանքելով հակառակորդ երկրի ղեկավարին՝ շեշտեց գեներալ-մայոր Ասրյանը:
Էդվարդ Ասրյան - Դա խեղաթյուրված պատմություն է և որևէ հիմք չունի, նրա ասածներն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը: Մենք իր քաղաքական հայտարարության ներքո պատրաստ ենք հետ մղել նրանց կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն:
«Լուրերի» հարցին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի քանի՞ ներկայացուցիչ կա, Ասրյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դա ռազմական ոլորտին առնչվող հարց է, որը չի հանրայնացվում:
Էդվարդ Ասրյան - Ես՝ որպես զինվորական, հակառակորդին գնահատում եմ ոչ թե անհատների քանակով, այլ ստորաբաժանումների: Անհատական անձնակազմի քանակով ռազմական ներկայացուցչի պատասխան չէ, չեմ կարող ասել՝ այսքան ներկայացուցիչ կա մեր տարածքում:
Փոխարենն ընդգծեց՝ մայիսի 12-ին ունեցած հաջողությունից բացի հակառակորդն այլ հաջողություն չի արձանագրել: Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը, որ մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում հայկական կողմն իրեն իրավունք կվերապահի խնդիրը լուծել ուժի կիրառմամբ, Ասրյանը հակիրճ պարզաբանեց:
Էդվարդ Ասրյան - Պաշտպանության նախարարի հայտարարությունը Զինված ուժերին առաջադրված մարտական խնդիր է, և Գլխավոր շտաբն ունի համապատասխան ծրագրեր, որոնք տարբեր սցենարների դեպքում կիրագործի:
Սահմանային իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումից թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները հիմնականում հրաժարվեցին մանրամասներ հայտնել: Միայն «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը նշեց՝ քննարկմանը հրավիրված զինվորականը տվել է այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ էին:
Այս ձևաչափով սահմանային իրավիճակի վերաբերյալ քննարկման առաջարկը «Հայաստան» խմբակցությանն էր, մասնակցում էին նաև «Պատիվ ունեմից» որոշ պատգամավորներ: