Ռազմականացված իսլամիստական «Թալիբան» կազմակերպությունն այս պահին միակ ծայրահեղական ուժն է, ում հաջողվել է գալ իշխանության: Օգոստոսի 15-ին թալիբները մտան Քաբուլ և, փաստացի, հաստատեցին տոտալ վերահսկողություն Աֆղանստանի նկատմամբ: Այժմ նրանք պատրաստվում են վերականգնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը»: Այդպես էր կոչվում «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում նաև 1996-2001 թվականներին:
Ովքե՞ր են «Թալիբանի» առաջնորդները
Հակառակ տարածված կարծիքի՝ «Թալիբանը» խիստ հիերարխիկ կառույց է: 2016 թվականից այն ղեկավարվում է Խայբատուլլա Ախունդ-զադայի կողմից: Վերջինս աստվածաբան է, որն իր ձեռքերում է կենտրոնացրել կազմակերպության քաղաքական, ռազմական և կրոնական կառավարումը: Ախունդ-զադան ունի երեք տեղակալ և մի շարք նախարարներ, որոնք զբաղվում են տնտեսության, հետախուզության, ինչպես նաև բուն պատերազմական գործողությունների համակարգմամբ:
Որտեղի՞ ց թալիբներին գումար
Իսլամիստական կազմակերպության ֆինանսների զգալի մասը գոյանում է ափիոնի և հերոինի վաճառքից: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ միայն 2018-2019 թվականներին թալիբները 400 միլիոն դոլար են աշխատել այդ ճանապարհով: Դա կազմակերպության եկամուտների 60 տոկոսն է կազմում: Հավելյալ մուտքեր են ապահովվել թալիբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրականացվող հանքարդյունաբերությունը, ինչպես նաև հանգանակությունները: Շրջանառվում են նաև տեղեկություններ՝ «Թալիբանի» օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ:
Ինչպե՞ս է ստեղծվել «Թալիբանը»
«Թալիբան» շարժումն Աֆղանստանում ծնվեց 90-ականների քաղաքացիական պատերազմի ընթացքում, որն, իր հերթին, բռնկվեց խորհրդային զորքերի դուրսբերումից հետո: Ի սկզբանե «Թալիբանին» անդամակցում էին աֆղանական և պակիստանյան կրոնական դպրոցների աշակերտները, որոնք ունեին ծայրահեղական հայացքներ: Շարժումը ստեղծման սկզբնական փուլում նպատակ ուներ Աֆղանստանում վերականգնել շարիաթի օրենքները: 1996 թվականին, գալով իշխանության, թալիբները երկրում զգալի սահմանափակեցին մարդու իրավունքները՝ հատկապես խիստ գտնվելով աղջիկների և կանանց նկատմամբ: 10 տարին լրացած աղջիկներն իրավունք չունեին շարունակել ուսումը: Կանայք պարտադիր պետք է կրեին փարաջա, որը ոտքից գլուխ նրանց կծածկեր: Մահապատժի սպառնալիքով կանանց արգելվում էր վարել մեքենա, աշխատել, փողոց դուրս գալ՝ առանց տղամարդու ուղեկցությամբ: Ռադիկալ ուժն ամբողջությամբ արգելք էր դրել կինոյի, թատրոնի, ցանկացած տիպի երաժշտության վրա: Տղամարդիկ պարտավոր էին մորուք պահել: Գողության համար նախատեսված էր կտրել ձեռքը կամ ոտքը: Թալիբների օրոք Աֆղանստանում լայն կիրառվում էր հանրային մահապատիժը:
Ինչպե՞ս թալիբները կորցրեցին իշխանությունը
Միջազգային հանրությունը միջամտեց Աֆղանստանում ստեղծված իրավիճակին միայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Ահաբեկչական «Ալ-Քաիդա» շարժման առաջնորդ Ուսամա Բեն-Լադենն ապաստանել էր հենց այդ երկրում: Շուրջ 3 հազար մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Վաշինգտոնը «Թալիբանից» պահանջեց իրենց փոխանցել Բեն-Լադենին, սակայն Աֆղանստանի իշխանությունները հրաժարվեցին դա անել: Միացյալ Նահանգները 2001 թ. հոկտեմբերին սկսեց «Անկոտրում ազատություն» գործողությունը, որը դարձավ ամերիկյան պատմության ամենաերկար պատերազմը: Ռազմական գործողությունների արդյունքում թալիբները կորցրեցին իշխանությունը:
«Թալիբանի» վերածնունդը
Իշխանությունն Աֆղանստանում կորցնելու հետո թալիբների խմբերը հեռացան լեռնային շրջաններ և սկսեցին պարտիզանական պայքարը: 2018 թվականին Միացյալ Նահանգները նախաձեռնեց ուղիղ բանակցություններ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով: 2020 թվականին այն ստորագրվեց: Պայմանագիրը ենթադրում էր ամերիկյան զորքերի դուրսբերում 14 ամիսների ընթացքում: Միջազգային կոալիցիայի ուժերի հեռանալը պայմաններ ստեղծեց թալիբների արագ առաջխաղացման համար, ինչի արդյունքում մեկը մյուսի հետևից Աֆղանստանի բոլոր շրջանները, ապա նաև մայրաքաղաք Քաբուլն անցան «Թալիբանի» լիարժեք վերահսկողության տակ: