ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ: Այդ համաձայնության էությունը կայանում է հետևյալում, որ մինչև 2024 թվականը ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ օդային տրանսպորտի ոլորտում ևս էական փոփոխություններ են տեղի ունենում:
«Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն, իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում, այլ լավացնում է գնահատականը»,- ասաց Փաշինյանը: