Այս տարի հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նվիրյալի` Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 95-ամյակն է։ Հոբելյանական տարվա շրջանակում «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» միջոցառումների շարքը մեկնարկել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում՝ օգոստոսի 17-ին:
Առաջին միջոցառումը կրում է «Հացին երգը» խորագիրը, քանի որ Դանիել Վարուժանի համանուն ժողովածուն մշտապես ոգեշնչել է էթնիկ մշակույթի մեծ նվիրյալ Հովհաննես Շարամբեյանին։ Նա մեծ արժեք է համարել հացի թխման արարողակարգը՝ որպես մեծ խորհուրդ պարունակող ծես: Այս համատեքստում վերարժևորելով նրա գաղափարներն ու մտահղացումները՝ «Ակունք» ազգագրական համույթը հանդես է եկել հացի ստեղծումն արտացոլող ցուցադրական ելույթով: Թանգարանի հարակից տարածքում կազմակերպվել է նաև ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իրականացրել են «Նվիրյալը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են արվեստագետի գեղանկարները, լուսանկարները, անձնական իրերը, Շարամբեյան գեղանկարչի ու ժողովրդական արվեստների նվիրյալի կյանքը: Հոբելյանական միջոցառումներն իրականացվելու են մինչև տարեվերջ։