ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021- 2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:
Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` կախված դպրոցի ֆինանսական հնարավորություններից: Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են՝ անհատական և խմբային պարապմունքները:
Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է: Դպրոցի սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող ստուգարքներով և քննություններով: Քննությունը գնահատվում է գնահատման առավելագույն 10 միավորային համակարգով:
Դպրոցի և սովորողի ծնողի փոխադարձ համաձայնությամբ սովորողի անհատական պարապմունքների՝ անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ դպրոցի առաջարկած ժամանակացույցի համաձայն:
Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, դպրոցի մանկավարժական խորհրդի հավանության և լիազոր մարմնի թույլտվության դեպքում:
Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70% հաճախում ունեցած սովորողներին:
Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն: Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12:
Առանձին դեպքերում փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է սկսել 3 սովորողից: Լիազոր մարմնի որոշմամբ՝ դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով: