Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում ժամեր առաջ մեկնարկել է խորհրդարանական խմբակցությունների և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի փակ հանդիպումը։
Հանդիպումից հետո Էդվարդ Ասրյանը լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են սահմանային իրավիճակին վերաբերող հարցեր:
«Ես խմբակցության անդամներին ներկայացրի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել, ու ներկա դրությամբ ինչպիսին է այն: Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ»,- ասաց Ասրյանը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ընդգծեց՝ մենք վերահսկում ենք մեր սահմանները, և այն խնդիրները, որ դրված են Զինված ուժերի առաջ, պատվով իրականացվում են:
«Լուրեր»-ի հարցին՝ ո՞րն է հակառակորդի սադրանքների նպատակը, օրինակ՝ Սև լճի սահմաններում, Ասրյանը պատասխանեց՝ Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ինչը նրան չի հաջողվում:
«Գուցե փորձել է ստուգել մեր զինծառայողների իրականացրած ծառայությունն իրենց սադրիչ գործողությամբ, թե ինչպես է արձագանքում հայկական կողմն իրենց սադրիչ գործողություններին, այսպես կոչված առաջխաղացմանը»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարություններին, թե Սև լիճն իրենցն է, Ասրյանը նշեց՝ Ալիևի հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը:
«Մենք մեր սահմաններում, մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղել նրա կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն»,- նշեց նա:
«Լուրեր»-ի հարցին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ԶՈՒ քանի՞ ներկայացուցիչ կա, Ասրյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դա ռազմական ոլորտին առնչվող հարց է, որը չի հանրայնացվում:
Ինչ վերաբերում է Արցախում՝ Եղցահողում, հայկական զինուժի հետքաշման մասին լուրերին, Ասրյանը պարզաբանեց՝ ՀՀ ԶՈՒ-ն Արցախում կանգնած է այն բնագծում, որ բնագծում կանգնած է եղել նոյեմբերի 9-ի դրությամբ:
«Ես այդ տեղեկությունը չեմ հաստատում, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում: Մեր զինված ուժերի, ՊԲ ստորաբաժանումները կանգնած են այնտեղ, որտեղ կանգնած եղել են: Ոչ մի հետ քաշվելու տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Ասրյանը: