Խանութ մտնել, առևտուր անել այնպես, ինչպես հիմա է՝ առանց դիմակի, նորից անհնար կդառնա։ Կորոնավիրուսով հիվանդացության թվի աճի, նաև հարևան երկրներում սրվող Քովիդ-պատկերի ֆոնին Հայաստանը խստացնում է հակահամաճարակային քայլերը։ Փակ տարածք մտնելիս դիմակով լինելը նորից պարտադիր է դառնում՝ բնակչությանն ու բիզնեսին իրազեկում են ստուգայցերը վերսկսելու պատրաստվող Սննդի անվտանգության տեսչական մարմնից։
Արթուր Շատվորյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Ստուգումները խստացված ռեժիմով իրականացվելու են առաջին փուլում՝ խանութ սրճարաններում, իսկ հետո նաև հանրային սննդի վայրերում՝ սրճարան-ռեստորաններում:
Շատվորյանը հիշեցնում է՝ խախտում է համարվելու թե՛ վաճառողի, թե՛ գնորդի՝ առանց դիմակով լինելը։ Առաջին նախազգուշացումից հետո կարող են տուգանել՝ 150-300 հազար դրամ։ Այդ ռեժիմով Քովիդի վարակի նախորդ պիկ շրջանում այցելել են մոտ 800 տնտեսվարողի։ Այս փուլում՝ ստուգայցերը սկսելու են մայրաքաղաքից՝ Դավթաշենից։ Նույն վարչական շրջանում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ, ոստիկանների ուղեկցությամբ կվերսկսի տրանսպորտի ստուգայցերը։
Արտյուշ Գրիգորյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Գործառույթներն իրականացվելու են Երևանում ինչպես կանգառի կետերում, այնպես էլ տրանսպորտային միջոցների և երթուղիների հավաքակայաններում և ավտոկայաններում:
Դիմակ չկրող ուղևորի համար տրանսպորտային ընկերության տնօրինությունը կարող է տուգանվել 50-100 հազար դրամով։ Մտածեք ձեր առողջության մասին, բիզնեսին էլ վատություն մի՛ արեք՝ հուշում են տեսչությունից։ Չտուգանվելու համար միկրովտոբուսները պետք է տեղափոխեն նստատեղերի քանակից ոչ շատ մարդ։ Մեծ ավտոբուսներին թույլատրվում է նաև կանգնած ուղևոր տանել, բայց որ իրարից հեռու լինեն։
Կանոնները հետևյալն են՝ տրանսպորտային միջոցի ներսում վարորդը և ուղևորը պետք է կրեն դիմակներ, լինեն ախտահանիչ նյութեր, մանրադրամի համար պետք է լինեն արկղիկներ։
Տրանսպորտային ստուգայցերին նաև առողջապահական տեսչության ներկայացուցիչներն են մասնակցելու։ Այստեղ, ի դեպ, վստահեցնում են՝ շենքի ներսում դիմակներն իրենք չեն էլ հանել։ Առաջիկա խստացումների կապակցությամբ կառույցն իր վերահսկողության դաշտն ունի։
Աննա Հարությունյան (ՀՀ ԱԱՏՄ հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ) - Իրականացնելու ենք ստուգայցեր փակ տարածքներում, օրինակ՝ մոլերում, բանկերում, կրթական հաստատություններում և ոչ պարենային ապրանքի վաճառքի կետերում:
Ի դեպ, որպեսզի տնտեսվարողների վրա ճնշումը մեծ չլինի, մի օր մեկը ստուգի, հաջորդ օրը մյուսն այցելի, որոշված է՝ պարենային բիզնեսների մոտ ՍԱՏՄ-ն կգնա, ոչ պարենայինների մոտ՝ ԱԱՏՄ-ն։
Հիշեցնում են կանոնը, որ կրկնել են կորոնայի ակտիվության նախորդ փուլում կատարած 28 հազարից ավելի այցի ընթացքում․ փակ տարածք ներս մտնողին պետք է ջերմաչափել։ Անձը պարտադիր պետք է դիմակով լինի, տարածքում՝ ախտահանիչ նյութեր: