Սա ակտիվ լոտ է, օրինակ՝ Լոռի մարզում հողամաս՝ 2433 քմ տարածքով: Այսպես կարելի է ԴԱՀԿ-ի աճուրդներին օնլայն մասնակցել ու գնումներ անել harkadir.ajurd.am-ից: Նախ պետք է էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում լրացնել անձնական տվյալները, մյուս հրահանգները ներկայացնում է արդարադատության գնդապետը:
Լևոն Բալյան (ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ) - Բանկային քարտի միջոցով, իհարկե, գումար պետք է լինի քարտին, էն չափով, որ գոնե 5 տոկոսը բավարարի, 5 տոկոսի չափով նախավճար սառեցնել բանկային քարտից։ Եթե մասնակցում է աճուրդին և հաղթում է, 5 տոկոս կանխավճարը հետ է նստում ծառայության դեպոզիտ հաշվին, իսկ եթե աճուրդում չեն հաղթում, հասանելի է դառնում տվյալ մասնակցին:
Աճուրդում չհաղթած մասնակցի կանխիկ վճարած կամ Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցած գումարը վերադարձվում է երեք աշխատանքային օրում: Վաճառքի մեկնարկային գինն էլ սահմանվում է գնահատված մասի գնի 75 տոկոսով։ Ամեն մասնակից իրավունք ունի նոր գնի հայտ ներկայացնել, բայց այն պետք է գերազանցի նախորդ գինը, այսպես մինչև աճուրդի ավարտը։ Աճուրդի վերջին 10 րոպեում նոր գնի ամեն առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ առաջարկը ստանալու պահից: Հաղթում է ամենաբարձր գին առաջարկող մասնակիցը, որին որոշում է համակարգը։ Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք աշխատանքային օրում լոտի գնման գինն ամբողջությամբ վճարում է Ծառայության դեպոզիտ հաշվին: Վճարելուց հետո միայն կնքում են առուվաճառքի պայմանագիր:
Լևոն Բալյան - Հենց էս պահին ունենք հողակտորներ հիմնականում բաժնեմասեր, որոնք արդեն 50-60 և ավել անգամ հանվել են աճուրդի, դրանք հետաքրքրություն չառաջացնող հողակտորներ են, հետևաբար էս առումով կա խնդիր, մենք ավել քայլ չենք կարող անել, բացի այդ կա օրենքի կարգավորում, 15-րդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում։ Եթե անգամ 15-ը անցել է, ու հասել, օրինակ, 10 հազար դրամի, միևնույն է, չի անցնի:
Ի դեպ, եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդը կազմակերպելիս վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10 տոկոսի չափով։