Արև Պետրոսյանը կարել սովորել է մայրիկից, մոր պապն Արցախում հայտնի դերձակ է եղել: Գերդաստանում հիմա այդ աշխատանքով միայն ինքն է զբաղվում: Ընտանիք կազմելուց հետո Արևը ձեռքերը ծալած չնստեց, պետք էր համատեղել երախայի դաստիարակությունն աշխատանքի հետ: Գումար հավաքեց ու գնեց իր առաջին կարի մեքենան:
Պատերազմից հետո արցախցի ընտանիքը տեղափոխվել է Երևան: Չնայած հոգեբանական, ֆինանսական մեծ դժվարություններին՝ Արևն իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Երևանում: Պատվերները հիմնականում Արցախից են: Աշխատանքի մեծ մասն ինքն է անում, իսկ առաքման ու կազմակերպչական հարցերով ամուսինն է զբաղվում:
Երևան տեղափոխվելուց հետո ամեն ինչ սկսել է զրոյից: Դերձակն արդեն ժամամակակից երեք կարի մեքենա ունի: Տան պայմաններում աշխատելուց չի դժգոհում, բայց ուզում է ունենալ իր արհեստանոցը: Նրա խոսքով՝ երջանիկ է, որ մանկության փոքրիկ երազանքն այսօր դարձել է իր հիմնական զբաղմունքը: Վստահ է՝ շուտով սոցիալական ցանցերից բացի կկարողանա սեփական խանութ-արհեստանոցը բացել:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան: