Արցախի նախագահը 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորում ստացած մի շարք զինծառայողների, կամավորականների պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով և «Մարտական ծառայություն» մեդալներով:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել «Աշխարհազորային կամավորականների միության» տղաների մասնակցությունը պատերազմին, նշել՝ կամավորականները ռազմաճակատում արել են հնարավորն ու անհնարը, անզիջում կռվել թշնամու դեմ, կռվել աննահանջ ու աչքի ընկել լավագույն կողմերով:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Անհաջողություններ ունեցել ենք, բայց նորից պետք է ֆիքսենք՝ մենք կռվել ենք աշխարհի դեմ, մենք մարտնչել ենք աշխարհի դեմ, բայց Արցախն այսօր կա, Արցախն այսօր շարունակում է ապրել, Արցախն այսօր շարունակում է գոյատևել շնորհիվ մեր հերոսների՝ կենդանի և նահատակված: Համոզված եմ, որ Արցախի ապագան, ինչպես նաև Հայաստանի ապագան ոչ միայն լուսավոր է, այլ դեռ շատ հաղթանակներ մեր առջևում են: Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել ծառայության համար և ուզում եմ նորից գլուխներս բարձր շարունակենք պայքարը հանուն մեր երեխաների, հանուն մեր սերունդների:
Վարդան Ավետիսյան, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական - Մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ականատեսը եղանք, թե ինչպիսի զոհաբերությամբ, ինչպիսի նվիրաբերությամբ է ազգի ընտրյալ դասը, ազգի ընտրյալ խավը գիտակցաբար նահատակության գնում, և այսօր, ունենալով այն, ինչ ունենք, մենք գոյատևում ենք և շարունակելու ենք գոյատևել: