Աֆղանստանի Փանջշեր շրջանում, որ միակն է, որը դեռ չի անցել «Թալիբան» շարժման վերահսկողության տակ, ձևավորվել են «Թալիբանին» դիմակայության ջոկատներ, որոնց կազմում կա շուրջ հազար զինյալ: Իսկ Պակիստանն արդեն նախատեսում է ճանաչել Աֆղանստանում «Թալիբանի» իշխանությունը: Թալիբները Հնդկաստանին հնարավորություն են տվել ավարտել իրենց ենթակառուցվածքային նախագծերն Աֆղանստանում, իսկ Եվրոպան պատրաստվում է Աֆղանստանից փախստականների հոսքին:
Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին կանխատեսում է, որ միգրացիան կարող է օգտագործվել քաղաքական նպատակների հասնելու համար: Միացյալ Թագավորությունը պատրաստ է ընդունել 20 000 փախստականի: Վերաբնակեցման նոր ծրագրի շրջանակներում նախապատվություն կտրվի կանանց, աղջիկներին և կրոնական ու այլ փոքրամասնություններին: Առաջին տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունը նախատեսում է ընդունել մոտ 5000 աֆղանստանցու:
Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ - Թալիբները փորձագետների ենթադրած ժամկետից շուտ են գրավել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Բրիտանիան չի լքի այն աֆղանստանցիներին, որոնք երկար ժամանակ գործակցել են Քաբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ: Լոնդոնը հաշվի է առնելու թալիբների ոչ թե խոսքերը, այլ գործերը:
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարները նախատեսում են հանդիպել Աֆղանստանի նախկին կառավարության ազդեցիկ անդամների հետ: Bloomberg պարբերականն ավելի վաղ բացահայտել էր, որ Աֆղանստանի հեռացող կառավարության անդամները «Թալիբանի» ներկայացուցիչների հետ ամերիկացի դիվանագետների մասնակցությամբ բանակցություններ սկսել էին դեռ Քաբուլի անկումից շաբաթներ առաջ: Կողմերը պայմանավորվել էին երկշաբաթյա հրադադար կնքել, որի ընթացքում Աֆղանստանի նախագահը պետք է հրաժարական տար, ինչից հետո քննարկումներ էին սկսվելու անցումային կառավարություն կազմելու շուրջ: Մինչդեռ նախագահ ԱշրաՖ Ղանիի փախուստը երկրից խաչ քաշեց բանակցությունների վրա՝ սեփական աղբյուրին հղումով գրում է Bloomberg-ը:
«Աֆղանստանից հեռանալու Ղանիի որոշումը, որը նա բացատրեց արյունահեղությունը կանխելու մտադրությամբ, զարմացրեց բանակցող թիմին և ամերիկացի դիվանագետներին: Նախնական համաձայնության շնորհիվ իշխանության էին վերադառնալու նախկին նախագահ Համիդ Քարզայը և այլ պաշտոնյաներ՝ «Թալիբանի» հետ ներգրավվելով կառավարության կազմում»:
Bloomberg-ի զրուցակիցը, որ Սպիտակ տան նախկին աշխատակից է, այս տապալված բանակցությունները վերսկսելու հնարավորություններ չի տեսնում: Իսկ «Թալիբանն» արդեն փորձում է կառավարություն ձևավորել, ընդ որում՝ կանանց ներգրավելով: Կանանց իրավունքները կպահպանվեն շարիաթի օրենքների համաձայն: Չնայած խոստումներին, ԱՄՆ-ն սառեցրել է ամերիկյան բանկերում բոլոր աֆղանական հաշիվները՝ հայտնում է The Washington Post-ը:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սառեցրել է Աֆղանստանի կառավարության բոլոր պահուստները, որոնք առկա էին ամերիկյան բանկերում: Թալիբները հասանելիություն չեն ունենա միլիարդավոր դոլարների: Խոսքը մոտ 10 միլիարդ դոլարի մասին է»:
Իսկ Չինաստանը պատրաստ է նպաստել Աֆղանստանի խաղաղ վերակառուցմանը և տնտեսական ու սոցիալական օգնություն տրամադրել Աֆղանստանի ժողովրդին՝ հայտարարել է Չինաստանի արտաքին գերատեսչությունը: Մինչև այդ բազմաթիվ երկրներ օդանավեր են ուղարկել Աֆղանստան՝ տարհանելու միջազգային կառույցների հետ գործակցած աֆղանստանցիներին, որոնց կյանքին, ըստ Արևմուտքի, վտանգ է սպառնում: