Կառավարությունը նոր ծրագրով պարտավորվում է մինչև 2026 թվականն ապահովել համախառն ներքին արդյունքի տարեկան միջին նվազագույն մակարդակի 7, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս աճ: Խոստանում են բարձրացնել աշխատավարձերը, նվազեցնել աղքատության մակարդակը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ֆորմալ հատվածի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել: Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:
Նվազագույն աշխատավարձ կսահմանվի 85 հազար դրամ, կվերացնեն ծայրահեղ աղքատությունը: Գործազրկության վերացման համար մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Նիկոլ Փաշինյան - Մինչև 2026 թվականը կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ, և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 միլիարդ դրամի, որը կկազմի ՀՆԱ 6-7 տոկոսը:
Առաջիկա 5 տարիներին նախատեսում են ստեղծել 16 հազար նոր աշխատատեղ՝ միայն Բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Աշխատատեղեր հիմա էլ կան, բարձր որոակավորում ունեցող մասնագետներ չկան: Աշխատուժի շուկան համալրելու համար մասնագիտական վերապատրաստման ծրագրերը կշարունակվեն: Նախընտրական շրջանում խոստացված կառուցվելիք 500 մանկապարտեզին ու 300 դպրոցին բարձր որակավորում ունեցող մասնագետներ են անհրաժեշտ: Վարչապետն ընդգծում է՝ դպրոցը պետք է լինի ոչ միայն նորակառույց շենք, այլև բովանդակություն:
Նիկոլ Փաշինյան - Նպատակ ունենք մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը:
Առողջապահության ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում: Կներդրվի առողջապահության ապահովագրական համակարգ՝ ընդգծում է վարչապետն ու անդրադառնում ժողովրդագրական ծրագրերին: 2020-21-ին երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունների ծրագրերի արդյունքները շոշափելի են՝ նորածինների թիվը 1400-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. արձանագրում է Փաշինյանը: Վարչապետը նախընտրական մեկ այլ խոստում է մատնանշում՝ ընտանիքն ամսական 50 հազար դրամ նպաստ է ստանալու՝ ամեն երրորդ ու հաջորդ երեխայի համար՝ մինչև վեց տարին լրանալը:
Նիկոլ Փաշինյան - Խոսքը ոչ թե սոցիալապես անապահովների մասին է, այլև բացարձակապես բոլոր ընտանիքների:
Տրանսպորտի ոլորտում՝ մասնավորապես Հարավկովկասյան երկաթուղում, մինչև 2024 թվականը 39 միլիարդ դրամի ներդրում կարվի: Կառավարությունն արդեն նման համաձայնություն է ձեռք բերել ընկերության հետ: Հայաստանում կստեղծվի երկու հայկական ավիաընկերություն: Ճանապարհաշինության ոլորտում տարեկան 500 կիլոմետր նորոգելու նշաձողը կպահպանվի, դրան կավելանա Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը:
Նիկոլ Փաշինյան - Առաջիկայում կսկսենք Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր հատվածի շինարարությունը: Տեղի է ունենում նաև Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի շինարարությունը: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը:
Ֆինանսական միջոցներ կան՝ ասում է վարչապետը: Եվրամիությունը պատարաստակամություն է հայտնել առաջիկա 4 տարում տրամադրել 2.6 միլիարդ եվրո: Վարչապետը կարևորում է Սյունիքում իրականացվող ծրագրերը: Գումարը կբավարարի նաև ջրամբարաշինության համար:
Նիկոլ Փաշինյան - Պլանավորում ենք առաջիկա 5 տարիներին նախագծել և սկսել 15 ջրամբարի շինարարությունը, որը ռազմավարական ուղղություն է:
Փոխել երկրի քաղաքական համակա՞րգը, թե՞ բարեփոխել այն. վարչապետը վստահեցնում է, որ հարցի լուծումը կգտնեն բաց ու մանրամասն քննարկումների արդյունքում: Դատաիրավական բարեփոխումները ևս անհրաժեշտ են:
Նիկոլ Փաշինյան - Մեր կարևոր նպատակադրումը հետևյալն է, որ ի վերջո Հայաստանում ձևավորվի դատական վճիռների նկատմամաբ հանրային վստահություն: Որովհետև, ցավոք սրտի, մենք այդտեղ խնդիր ունենք:
Կառավարության ծրագրում ամրագրված է նաև ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում հատվածը: Դա նշանակում է, որ կառավարության բոլոր որոշումները պետք է բխեն ռազմավարական ծրագրերից:
Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ու կառավարումն է՝ նշում է վարչապետը: Արցախում շուրջ 70 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել ու դեռ կիրականացվի՝ վստահեցնում է վարչապետը: Կառավարության ծրագրի միաձայն ընդունումից հետո գործադիրն անցնում է օրակարգային հաջորդ հարցին: Գնումների մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կիրականացվեն՝ այն համապատասխանեցնելով առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության պետական գնումների ընթացակարգերին: