Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:
Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Վերջիններս կարող են Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ որոշ փոփոխություններ էլ տեխնիկական բնույթի են:
Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելությունը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկել է անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնել են խորհրդի անդամները:
13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է:
Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է: