ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը ձևավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, պետք է ԱԺ հաստատմանը ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը: Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:
«Ծրագիրը բաղկացած է 6 բաժինից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում: Մեր հիմնական քաղաքական ուղերձը, որ ներառում է այս ծրագիրը, կարծում եմ, ընդգրկված է ծրագրի նախաբանի մեջ»,- ասաց վարչապետը:
Նախաբանի տեքստը մեջբերելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«ՀՀ կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»:
Փաշինյանն ավելացրեց, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը ՀՀ-ում:
«Դրանք արդեն 2-րդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի: Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար:
«2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը կներկայացնի Ազգային ժողով։
Խորհրդարանի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո գործադիրը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: