Սեպտեմբերյան պրեմիերային ընդառաջ պարոնյանցիները, մոռացած արձակուրդի և սաստիկ շոգի մասին, պատրաստվում են նոր ներկայացման բեմելին: Մայիսից սկսած «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը ձևավորում է իր ինքնուրույն խաղացանկը, որն այժմ կհամալրվի ամերիկացի մեծ դրամատուրգի՝ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» պիեսի բեմադրությամբ: Այս գործն առ այսօր հայերեն թարգմանված չէր, և Մարո Մադոյան-Ալաջաջյանն այն թարգմանել է հատուկ պարոնյացիների համար: Բեմադրող ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը հակասություններով ու ցավոտ հիշողություններով հարուստ այս ընտանեկան դրամայում շատ զուգահեռներ է տեսնում մեր պատմական իրողությունների հետ:
Գերմանիայից ներգաղթյալ հրեական Քուրնից ընտանիքի դժվար ճակատագիրը ընտանիքի մորը ստիպել է քնքշանքի փոխարեն երեխաներին պողպատե դաստիարակությամբ մեծացնել. կերպարի հակասականության մեջ նրա մարդկային թուլությունները գտնելը կերպարային լուծումների լավ հնարավորություն է համարում Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը:
Փորձառու գործընկերների հետ թատրոնում իրենց առաջին քայլերն են անում երիտասարդ դերասանները, ասում են՝ կերպարները բացահայտվում են հենց փորձերի ընթացքում:
Քուրնից ընտանիքի երեխաների բարդ ճակատագիրը ստիպում է մորը ոչ թե մայր, այլ խիստ ուսուցիչ լինել, որը կարող է նաև փշրել իր զավակների երազանքները:
Դերասանական խումբը մեծ ոգեշնչումով է աշխատում «Ղազանչյան» թատերասրահի կամերային տարածքում. նախընտրում են անմիջական և մտերմիկ կապը հանդիսատեսի հետ: Եվ դրվագ առ դրվագ ամբողջացնում Սայմոնի դրամատիկ պատմությունը:
Սեպտեմբերի 8-ին և 9-ին «Մոլորվածները» բեմադրության նորամուտով կբացվի «Պարոնյան» թատրոնի նոր թատերաշրջանը: