Որսաշրջանը մեկնարկում է․ շաբաթ օրվանից արդեն հրացանն ուսին արտ կամ անտառ մտնելն արգելված չէ։ Սեզոնի բացմանն ընդառաջ՝ որսորդները սկսել են մասնագիտացված խանութներում փամփուշտ առնել, հագուստ-վրան ընտրել։ Եղվարդցի Նվերը նույնպես պատրաստվում է ընկերներով կրակելու գնալ․ իրենց կողմերում, ասում է, որսի ընտրությունը մեծ չէ.․․
Նվեր Մկրտչյան (որսորդ) - Աղավնի է լավագույնը, լոր:
Ստանդարտ՝ լոր, քարակաքավ, կռնչան բադ որսի համար Հայաստանում թույլատրվող կենդանիների ցանկում այս անգամ նորություն կա։ 4-5 տարվա ընդմիջումից հետո Շրջակա միջավայրի նախարարությունը ցուցակում նաև կաթնասունների է ընդգրկել։ Գերատեսչության կենսառեսուրսների թույլտվության բաժնի պետը բացատրում է․ վայրի նապաստակի, վարազի վրա կրակել թույլատրել են․․․ Ակադեմիայի Կենդանաբանության գիտական կենտրոնի ուսումնասիրության ու տված եզրակացության հիման վրա։ Բնականաբար՝ բնօգտագործման վճարի դիմաց։
Սևակ Բալոյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների վարչության կենսառեսուրսների թույլտվության բաժնի պետ) - Նախարարի հրամանով՝ սահմանված կենդանատեսակներից ամենաթանկը, ամենաբարձր բնապահպանական վճարը խոզինն է՝ 65 հազար դրամ, իսկ ամենաքիչը՝ լորինը, թխակապույտ աղավնունը 130 դրամ է:
Գումարները նախարարությունում խիստ ցածր են համարում, բայց բարձրացնել դրանք ինքնուրույն չեն կարող․ որսի վճարները, պարզվում է, Հարկային օրենսգիրքն է կարգավորում։ Իրենք չափաքանակի պատասխանատուն են․ տարվա համար թույլատրել են որսալ փետրավորներից՝ լոր - 127 050 հատ, սև փարփար՝ 30 հազար հատ։ Աղյուսակում նաև մորակտցար կա, սուլող մրտիմն, եղեգնահավ։ Եվրոպական նապաստակի որսի ենթակա քանակը 500-ն է։ Անսահմանափակ է սովորական աղվեսինը։ Ըստ ցուցակի՝ ամենաքիչը կարելի է վայրի խոզ որսալ՝ ընդամենը 30 հատ։ Ամենաբարդը հենց այդ թույլտվությունը ստանալն է լինելու․ գայթակղիչ թիրախի համար․․․ հանձնաժողովը հատուկ պայման է դրել՝ կրճատել երկրում կտրուկ ավելացած շնագայլերի թիվը։
Այն որսորդական կազմակերպությանը, որը 15 հատ շնագայլի պոչ կբերի ու կապացուցի, որ տվյալ շրջանում է որսն իրականացվել, հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կտրամադրվի թույլտվություն խոզ որսալու համար:
Վարազի գնալ թույլատրված է միայն Սյունիքում ու Վայոց ձորում, նոյեմբերի կեսից։ Որս կլինի թե ոչ՝ հետո պարզ կդառնա։ Այժմ նախարարությունը որսորդական կազմակերպություններից ստացած հայտերի հիման վրա, տեղերում բաշխելու համար, դեռ թռչունների մեծածախ կտրոններն է տրամադրում։ Տվյալ պահին բյուջե կմուտքագրվի 40 մլն դրամ։ Որսորդությունը թանկ հաճույք է․ բոլորը գիտեն։ «Ասպարի» ցուցափեղկերին դանակ կա, գինը 73 հազար դրամ է։
Թիրախում եթե բեզոարյան այծ, գորշ արջ կամ Կարմիր գրքում գրանցված այլ կենդանի հայտնվի՝ ձգանը հանկարծ չքաշեք՝ որսորդներին խնդրում-հորդորում են բնապահպանները։ Քարտեզին ցույց տալիս այն գոտիները, որտեղ, որսաշրջանից անկախ, կրակելն արգելված է կլոր տարին։
Նաև զգուշացնում են՝ տեսչությունն է հետևելու՝ արգելված որս, չափաքանակների խախտում չլինի։ Եթե կրակոցը հնչի «Խոսրովից» «Դիլիջան» երկրի որևէ արգելոցում՝ տուգանքը միանգամից 5-ապատիկ ավելանալու է։