Կորոնավիրուսն աշխարհում ահագնանում է, պատվաստանյութերի դեֆիցիտի խնդիրը՝ սրվում, սակայն Հայաստանում COVID -19-ի դեմ պատվաստանյութերի պակաս չի նկատվում: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ մեր երկիրն ունի բավարար քանակի պատվաստանյութեր, որոնք կարող է առաջարկել բնակչությանը:
Սվետլանա Գրիգորյան (ԱՆ ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Ներկա պահին Հայաստանում առկա է երեք պատվաստանյութ՝ «Աստրազենեկա», «Կորոնավակ», «Սպուտնիկ Վի», և նախատեսվում է «Սինոֆարմ» ընկերության չինական պատվաստանյութը ևս, որը մոտ ապագայում կբաշխվի պոլիկլինիկաներում: Միաժամանակ բանակցություններ են տարվում նաև «Կովաքս» նախաձեռնության շրջանակներում այլ պատվաստանյութեր բերելու, նաև «Պֆայզեր» ընկերության պատվաստանյութ բերելու շուրջ:
Պատվաստանյութերի դեֆիցիտից խուսափելու համար դեռևս 2020 թվականին Հայաստանը միացել է «Կովաքս» նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս երկրներին հավասար պայմաններով ունենալ շուկայում առկա անվտանգ պատվաստանյութերը: Սպասվում է նաև, որ Ֆրանսիան Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի:
Սվետլանա Գրիգորյան - «Պֆայզեր» ընկերության հետ բանակացություններ են տարվում նաև «Նովովաքս» պատվաստանյութի շուրջ:
Ինչ վերաբերում է «Կորոնավակ» պատվաստանյութով այս պահին այլևս չպատվաստելուն, Սվետլա Գրիգորյանը պարզաբանեց.
Սվետլանա Գրիգորյան - Ցանկանում եմ ճշտել, որ «Կորոնավակ» պատվաստանյութը տրամադրվել է Չինաստանի կողմից Հայաստանին որպես նվիրատվություն՝ 100 հազար դեղաչափ քանակությամբ, որը նախատեսված է 50 հազար անձի համար, ներկայումս առկա քանակները հիմնականում նախատեսված են երկրորդ դեղաչափի համար:
Պատվաստանյութերը Հայաստանում առկա են, սակայն պատվաստողների մեծ ակտիվություն դեռևս չկա, թեպետ կորոավիրուսով վարակվածության թվերը աճում են՝ այսօր 357 նոր դեպք է գրանցվել: Վարակի դեմ պայքարելու լավագույն միջոցը մասնագետները համարում են պատվաստվելը:
Ռոմելա Աբովյան (ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության բաժնի պետ) - Ամենարդյունավետ միջոցը պատվաստումներն են, և մեր բնակչությունը պետք է հետամուտ լինի և ավելի պատասխանատու պատվաստումներ իրականացնելու առումով:
Պատվաստումների մեկնարկից մինչև օրս կատարվել է 225.210 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 146.888, երկրորդ դեղաչափ, այսինքն՝ ամբողջական, պատվաստվել է 78.322 քաղաքացի։ Շարժական կայաններում Հայաստանի քաղաքացիների պատվաստման ակտիվութուն է նկատվում: Միայն մեկ օրում՝ օգոստոսի 16-ին, շարժական կայաններում եղել է՝ 280 պատվաստում, որից 144-ը Հայաստանի քաղաքացի են, 139-ը՝ օտարերկրյա:
Աննա Մինասյան (շարժական կայանի պատվաստակետի բժշկուհի) - Հայաստանի քաղաքացիները շատ ակտիվ գալիս են ու պատվաստվում են:
Հայաստանում պատվաստումների գործընթացն ակտիվացել է, սակայն «դելտա» շտամի առկայության պարագայում կոլեկտիվ իմունիտետ ունենալու համար անհրաժեշտ է, որ բնակչության 85 տոկոսը պատվաստված լինի, իսկ այս ցուցանիշից Հայաստանը դեռևս շատ հեռու է: Մասնագետները հիշեցնում են՝ պատվաստումը վարակվելու վտանգը չի չեզոքացնում, բայց նվազագույնի է հասցնում կորոնավիրուսից մահվան դեպքերը:
Հեղինակ՝ Անի Օհանյան