ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը:
«Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն.
«Մեր երկրների միջև բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխաջակցության վրա»:
Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել 2019-ին Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարևոր խթան է երկկողմ փոխգործակցության համար:
ԱԺ նախագահը նաև ողջունել է առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարեկամական խմբերի միջև համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստել է.
«Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»:
Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս:
«Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,- հավելեց հյուրը:
Կողմերը խոսել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: