«ԹԱԼԻԲԱՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Թալիբանը» կների Աֆղանստանի հեռացող կառավարության անդամներին: Շարժման ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 17-ին, ընդհանուր համաներում են հայտարարել նախկին վարչակազմի պաշտոնյաների նկատմամբ և հորդորել են վերսկսել աշխատանքը պետական գերատեսչություններում:
«Թալիբան» - «Բոլորի համար ընդհանուր համաներում է հայտարարված, հետևաբար դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»:
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստի ավարտին հայտարարություն է տարածել՝ Աֆղանստանում անհապաղ սահմանադրական կարգը վերականգնելու կոչով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ - «Անվտանգության խորհրդի անդամները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և ներառական բանակցությունների միջոցով ձևավորել նոր կառավարություն, որը կլինի միասնական և ներկայացուցչական»:
ԲԱՅԴԵՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված վիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար: Նախագահն ասել է, որ Վաշինգտոնը 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին, և այդ խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Իսկ Աֆղանստանի կառավարության ձախողման պատճառը, ըստ Բայդենի, աֆղան զինվորների կամքի բացակայությունն է:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել: ԱՄՆ-ը ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք-զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը: 300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ:
ԱՄՆ նախագահը չի զղջում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: Երկրից կտարհանվեն նաև ամերիկացի դիվանագետները, թարգմանիչները, տեխնիկական աշխատողները, որպեսզի չդառնան թալիբների վրեժխնդրության թիրախը:
Բայդենը սա ԱՄՆ-ի ամենաերկար արյունալի պատերազմն է անվանել: Իրավիճակը համեմատաբար վերահսկելի է դարձել Քաբուլի օդանավակայանում, չնայած թե՛ օդանավակայանի ներսում, թե՛ օդանավակայանի հարակից տարածքներում կան աֆղանստանցիների մեծ կուտակումներ, ովքեր ցանկանում են ամեն գնով լքել երկիրը:
Ըստ Reuters-ի՝ Թուրքիան հրաժարվել է Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու ծրագրերից, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի նախագահը: