ՆԱՏՕ-ն Թալիբանին կոչ է անում թույլատրել երկրից մեկնել նրանց, ովքեր ցանկանում են դա: Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորում է «Թալիբանին» դյուրացնել Աֆղանստանից հեռացողների մեկնումը: Խոսքը հիմնականում վերաբերում է ՆԱՏՕ-ի գործընկերներին և այն աֆղանստանցիներին, որոնք օգնել են դաշինքին:
Յենս Ստոլտենբերգ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար - Իրավիճակը ծայրահեղ լուրջ է և անկանխատեսելի: Արևմտյան պաշտպանական դաշինքը տարհանման համար համաձայնել է Քաբուլ ուղարկել լրացուցիչ օդանավեր: «Թալիբանի» վերադարձով միջազգային ահաբեկչության սպառնալիք կա, և Արևմտյան պաշտպանական դաշինքը պետք է զգոն լինի ու պայքարի դրա դեմ: Աֆղանական ազգային բանակի այսքան արագ ձախողումն անակնկալ էր և դաս ՆԱՏՕ-ի համար, բայց հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել խոցելի վիճակում հայտնված մարդկանց երկրից դուրս բերելու վրա:
Աֆղանստանցիների տարհանմանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Գերմանիան և Լեհաստանը: Այդ ընթացքում առաջին մամուլի ասուլիսն է տվել «Թալիբանի» խոսնակը: Զաբիդուլլահ Մոջահեդը հայտարարել, որ «Թալիբանը» կների Աֆղանստանի հեռացող կառավարության անդամներին: «Թալիբանը» համաներում է հայտարարել նախկին վարչակազմի պաշտոնյաների նկատմամբ և հորդորել է վերսկսել աշխատանքը պետական գերատեսչություններում: Շարժման խոսնակը խոստացել է ապահովել բոլոր դեսպանատների և կառավարական շենքերի անվտանգությունը:
Զաբիդուլլահ Մոջահեդ, «Թալիբանի» խոսնակ - Մենք վրեժխնդիր չենք լինելու: Հավաստիացնում ենք աշխարհին և հատկապես ԱՄՆ-ին, որ աֆղանական հողերն ուրիշների դեմ չեն օգտագործվելու: Հիմա աշխատում ենք իշխանության խաղաղ փոխանցման վրա: Մենք որևէ կուսակցության թույլ չենք տա վնասել իսլամական արժեքները: Աշխատում ենք ժամանակակից քաղաքական իսլամական համակարգ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում՝ կանանց ներգրավմամբ: Մենք կապ կպահենք մամուլի հետ:
Մինչ «Թալիբանը» խոսում է կառավարման իր համակարգի մասին, Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ հեռացած նախագահի բացակայության ընթացքում, համաձայն Աֆղանստանի սահմանադրության, փոխնախագահն է ժամանակավորապես զբաղեցնում նախագահի պաշտոնը: «Թալիբանից» սահմանադրական կարգը վերականգնել է պահանջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և ներառական բանակցությունների միջոցով ձևավորել նոր կառավարություն, որը կլինի միասնական և ներկայացուցչական»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված վիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար: Նախագահն ասել է, որ Վաշինգտոնը 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին, և այդ խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Իսկ Աֆղանստանի կառավարության ձախողման պատճառը, ըստ Բայդենի, աֆղան զինվորների կամքի բացակայությունն է: ԱՄՆ-ն 500 միլիոն դոլար կհատկացնի աֆղանստանցի փախստականներին:
Ջո Բայդեն, ԱՄՆ նախագահ - Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել: ԱՄՆ-ն ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք-զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը: 300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ:
ԱՄՆ նախագահը չի զղջում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: Երկրից կտարհանվեն նաև ամերիկացի դիվանագետները, թարգմանիչները, տեխնիկական աշխատողները, որպեսզի չդառնան թալիբների վրեժխնդրության թիրախը:
Բայդենը սա ԱՄՆ-ի ամենաերկար, արյունալի պատերազմն է անվանել: Աֆղանստանում «Թալիբանի» զինյալների կողմից չգրավված միակ նահանգը մնում է Փանջշերը: Ֆեյսբուք ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված հրապարակումների տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում և WhatsApp-ում՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ իրենց քաղաքականության: