Արդեն մի քանի օր է Ստեփանակերտում խաթարվել է շուրջօրյա ջրամատակարարումը: Քաղաքի 6-րդ և 10-րդ գոտիներում ջուր ստանում են դույլերով ու տարաներով: Քաղաքը սնուցող 3 ջրառներից մեկը՝ Թրագետը, ցամաքել է, մյուս երկուսում նվազել է ջրի դեբետը:
Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը ոլորտի մասնագետները ջրի սակավությունը պայմանավորել են կլիմայի անոմալ փոփոխություններով: Ցանցին միացրել են նախկինում չօգտագործվող արտեզյան հորերը: Խնդիրը մասամբ լուծվել է 10-րդ գոտում միայն:
Սամվել Ղուլյան, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ - Այս ժամանակահատվածում, սովորաբար, Մեղրագետից ստանում էինք 22-23 լիտր վայրկյանում ջուր, այս օրերին՝ 15-17 լիտր, իսկ հիմնական սնուցողից՝ Վարարակնից, ստանում էինք 100 լիտր, իսկ այսօր՝ 35-37 լիտր: Ի դեպ՝ այս ցուցանիշները նվազելու միտում ունեն՝ պայմանավորված տոթ եղանակների պատճառով՝ ջրի գոլորշիացման բարձր աստիճանով:
Ստեփանակերտում 43 բազմաբնակարան ջուր չի ստանում: Այն «Ջրմուղ կոյուղի» ընկերությունն ու փրկարարները տեղափոխում են մեքենաներով: Խիտ բնակեցված թաղամասերում ջրաբաքեր են տեղադրել, որ խնդիրը շատ թե քիչ մեղմեն:
Գագիկ Պողոսյան, Ստեփանակերտի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն - Այս պահի դրությամբ՝ տեղադրում ենք Ստեփանակերտ քաղաքի տարբեր փողոցներում, բազմաբնակարան շենքերի բակերում, որպեսզի օրը 1, 2 անգամ այդ բաքերը լցնելով հնարավորություն տանք ժողովուրդը գոյատևի՝ մինչև մնացած հարցերը:
Վարկածը, թե Ադրբեջանը Շուշիից ոչ հեռու փոխել է Վարարակնի հունը, Գագիկ Պողոսյանը չի հաստատում: Խնդիրը պայմանավորված է միայն տաք եղանակով:
Գագիկ Պողոսյան - Վերջին 45 օրում Ստեփանակերտում տեղումներ չեն եղել, որպեսզի դրանից ջրերի քանակը շատանա: Բացի դրանից, օդի ջերմաստիճանը 30-32 աստիճանից չի իջել, որպեսզի ջրի գոլորշիացումն էլ քչանա:
44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի բնակչության թիվն աճել է 30 տոկոսով՝ կազմելով ավելի քան 60 հազար: Ջրի սպառման ծավալը քաղաքում աճել է: Ջրի խնդրի պատճառներից մեկն էլ սա է:
Սամվել Ղուլյան - Անցած տարի հունիս ամսվա համար 313 հազար 589 խորանարդ մետր ջուր է սպառվել, իսկ 2021-ի հունիսի համար՝ 390 հազար 754 խորանարդ մետր ջուր: Տարբերությունը կազմում է 77 հազար 165 խորանարդ մետր ջուր:
Ստեղծված իրավիճակում Ստեփանակերտում ժամանակավոր փակվել են ավտոլվացման կետերն ու զգալի թվով հանգստի գոտիներ: Բայց խնդրի վերջնական լուծումը Պատարայի ջրամբարի կառուցման ծրագիրն է՝ ասում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
Հովհաննես Թոքմաջյան/, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր - Կարծում եմ, որ ստրատեգիական առումով շուրջօրյա աշխատանքային ռեժիմով պետք է սկսել Պատարայի ջրամբարի կառուցումը: Այն կլուծի առաջիկա 15-20 տարվա համար Ստեփանակերտի խմելու ջրի խնդիրը և ոռոգման խնդիրներ կլուծի:
Պատարա գետից Ստեփանակերտ ջրագիծն Արցախի ջրային կոմիտեն պետք է կառուցի 11 ամսում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է նաև 6-ամսյա ժամկետում շուրջօրյա ջրամատակարարման ծրագիր կազմել ամբողջ Արցախի համար:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Խողովակաշարն առավելագույնը 11 ամսում պիտի ավարտենք, երկրորդ՝ ջրամբարի կառուցում, երրորդ՝ ոռոգման համակարգեր:
Պատարայի ջրամբարի ընդհանուր ծրագրի արժեքը կկազմի մոտ 15 միլիարդ դրամ: