Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու Կառավարության ներկայացրած օրինագիծը:
Գործադիրը առաջարկում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն խորանարդ մետրը: Գործող օրենքով Սևանա լճից ջրի բացթողման առավելագույն շեմը 170 միլիոն մետր խորանարդ է:
Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել մեղմել հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: Սարգսյանը վստահեցրեց՝ ավելի քան 31 հազար հողատարածք մշակողները հավելյալ ջրառից հետո ոռոգման խնդիր չեն ունենա:
Կարեն Սարգսյան (Ջրային կոմիտեի նախագահ) - Հայաստանի 12 ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526,7 մլն մ3, նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ դեֆիցիտը կազմել է 140,8 մլն մ3: 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226,6 մլն մ3, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 351,9 մլն մ3, ջրի դեֆիցիտը կազմում է 125,7 մլն մ3:
Սևանա լճից ջրի բացթողումը, ըստ Կառավարության ներկայացուցչի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սկսվել է 10 օր շուտ և այդ ընթացքում իրականացվել է 19 մլն մետր խորանարդ ջրառ: Ընդդիմությունը Սևանից ջրառը կապում է հունիսին հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացի հետ:
Արծվիկ Մինասյան (ԱԺ «Հայաստան» քարտուղար) - Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոնից ավելի բացթողում Սևանից նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Սա ինչ է, եթե ոչ պետական միջոցների ուղղակի փոշիացում:
Կոմիտեի նախագահը հիշեցրեց՝ Սևանից բոլոր կառավարությունների պաշտոնավարման օրոք գյուղատնտեսության համար հավելյալ ջրառ իրականացվել է, որոշ տարիների՝ ակնհայտ մեծ ծավալով:
Այս ֆոնին պաշտոնյան կարևորեց Կառավարության նախաձեռնած ջրամբարաշինության ծրագիրը:
Կարեն Սարգսյան - Սա լինելու է գյուղատնտեսության փրկության ծրագիր, և այն իրականացնելու դեպքում մոռանալու ենք Սևանից հետո Սևանից ոռոգմամբ նպատակով ջրառ իրականացնելը:
Ջրային պաշարների, դրանց կառավարման և անվտանգության վերաբերյալ խնդիրները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտ է համարում քննարկել հետպատերազմյան տրամաբանության ներքո:
Տիգրան Աբրահամյան (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ես կկարևորեի, որ բանախոսը Սևանա լճին անդրադառնալուց նշեր՝ խոր հետազոտություններ իրականացվել են ջրային անվտանգության սպառնալիքների մասով, և արդյոք պա՞րզ է, թե ՀՀ պարագահում ինչ ազդեցություն է ունենալու ջրային պաշարների Ադրբեջանի տիրապետության տակ անցնելը:
«Հայաստան»-ից Թադևոս Ավետիսյանը, մինչդեռ, անհանգստացած է. նա հայտարարեց՝ հնարավո՞ր է իշխանության գործողությունների հետևանքով մի օր Սևանը չլինի, ինչպես չկան որոշ տարածքներ: Այս հայտարարությունը վրդովեցրեց ջրային կոմիտեի նախագահին:
Կարեն Սարգսյան - Պարոն Ավետիսյան, ես սեպտեմբերի 28-ից եղել եմ ռազմի դաշտում, հետ եմ եկել նոյեմբերի 13-ին: Երբ դուք վախենում էիք Քարվաճառով մտնել, որովհետև երկու ճանապարհը ռմբակոծում էին, ես իմ անձնական մեքենայով վիրավորների ու զոհերի էի հանում, էդ ինչ հանձնելու մասին եք խոսում... Հիմա էլ Սևանի հանձնումից եք խոսում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Իսկ մինչ օրակարգի հարցին անդրադառնալը ընդդիմադիրները առաջարկեցին իշխանությանը որևէ ձևաչափով քննարկել հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը: «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի որոշ դրվագների:
Հայկ Մամիջանյան (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը:
Պատգամավորի կարծիքով՝ ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պետք է հանդիսանա հայ գերիների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների առաջարկին ի պատասխան հայտնում է, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը տեղի կունենա վաղը: