Ազգային ժողովը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Գործող օրենքով ամրագրված է մինչև 170 մլն մ3 բացթողնման ջրի առավելագույն չափաքանակը: Առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:
«Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար: ՀՀ թվով 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526.7 միլիոն մ3՝ նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8»,- հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Մարմարիկի և Ազատի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 միլիոն մ3 ջրի դեֆիցիտ:
«Հրազդան գետի ջրատվությունը 2021 թվականի ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 միլիոն մ3, ինչը վերջին 4 տարիների ընթացքում եղել է 190 միլիոն մ3: Ինչպես փաստացի իրավիճակը, այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները փաստում են, որ նմանատիպ տարում Հրազդան գետից հնարավոր կլինի վերցնել ընդամանը 116 մ3 ջուր»,- ասաց Սարգսյանը:
Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ Սևանա լճից 2021 թվականի նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրաբացթողումներն սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 19 միլիոն մ3 ջրառ: Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնուցող գետերում ջրի կտրուկ նվազման հետևանքով առաջացել է տարեկան պլանավորվածի նկատմամբ 97.53 միլիոն մ3 ջրի դեֆիցիտ:
«Այն լրացվել է Սևանա լճից բացթողումների, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների և մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին»,- ասաց նա: