Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 194-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք:
«Օշականի ճակատամարտը ոչ միայն ռուս-պարսկական պատերազմի պատմական բախումներից է, այլև առանձնահատուկ նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերություններում. այն ևս մեկ անգամ ընդգծում է երկու եղբայրական ժողովուրդների ամուր կապը: Վստահ ենք, որ մեր ժողովուրդների երկարամյա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման և փոխադարձ աջակցության պայմաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 194 տարի առաջ՝ 1827 թվականի օգոստոսի 17-ին: Այն ռուս-պարսկական ամենաարյունալի ճակատամարտերից մեկն է՝ պարսկական գահաժառանգ Աբաս Միրզայի և ռուս զորավար Աթանաս Կրասովսկու բանակների միջև: Չնայած պարսկական բանակի թվային գերազանցությանը, գեներալ-լեյտենանտ Կրասովսկու ռուսական ռազմական ջոկատը, հայ կամավորների հետ միասին, ճեղքել է Էջմիածնի վանքի պաշարումը և կարողացել պաշտպանել այն:
«Օշականի ճակատամարտը հերթական անգամ ցույց է տվել հայ և ռուս ժողովուրդների՝ արտաքին վտանգին միասնաբար դիմակայելու կարողությունը, ինքնազոհությունը՝ հանուն ընդհանուր շահերի: Մեր նախնիները սերունդների համար հայրենասիրության օրինակ են, ազգային և համամարդկային արժեքների կրող»,- ասել է ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը՝ հայ և ռուս եղբայրական ժողովուրդներին մաղթելով խաղաղ երկինք և բարգավաճում:
Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի խոսքով՝ Օշականի ճակատամարտով ամրապնդվել է հայ-ռուսական եղբայրական զինակցությունը, որը դրսևորվել է աննկարագրելի միասնականությամբ և տոկունությամբ՝ այլ ուղղությամբ շրջելով պատմության անիվը: