Երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ գործակցություն, ազատ Արցախ. սրանք նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթություններն են:
Կուսակցությունը ստանձնում է հանձնառություն՝ միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության: Անդրանիկ համագումարում ընդունվել է կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի է ունեցել կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն։
«Ապրելու Երկիր» կուսակցությունը պատրաստակամ է գործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ։
«Մենք պետք է կարողանանք մի օր միասնական ձևակերպել հայկական երազանքը: Պետք է լինի հայկական երազանքը այնպիսին, որի հետևից գնալու են բոլոր հայերը, ոչ մեկ-երկու հոգի, որպեսզի մենք կարողանանք իմանալ, թե վերջապես ինչպիսի պետության կարիք ունի և ինչպիսի պետության հնարավորություն ունի հայ մարդը: Ես համոզված եմ, որ շատ ուժեղ, զարգացած, խելացի պետությունն է մեր ճակատագիրը:
Եվ մենք դատապարտված ենք լինել խելացի և զարգացած, որովհետև այլ կերպ այս տարածաշրջանում, որտեղ մեր հայրենիքն է, մենք դժվարանալու ենք ապրել և ունենալու ենք խնդիրներ, եթե օր առաջ ներդրումներ չանենք կրթության, տնտեսության մեջ, ուժեղանալու, հզորանալու և ավելի խելացի երկիր դառնալու մեջ: Մենք ուղղակի դատապարտված ենք լինել խոհեմ, բանական, ողջախոհ, որպեսզի կարողանանք մեր հայրենիքին տեր կանգնել»,- ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Կարևորագույն մարտահրավերը, որ այսօր առկա է Հայաստանի շուրջ, անվտանգության խնդիրն է: Անվտանգության խնդիրը, որպես լուծում, մենք տեսնում ենք այնպիսի տնտեսության և գիտության զարգացումը, որը հնարավորություն կտա ունենալ անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ երկարաժամկետ խաղաղությունը կհանդիսանա տարածաշրջանի հիմնական գրավականը: Դրա շուրջ մենք նաև կարևորում ենք տնտեսության, կրթության և գիտության այնպիսի որակյալ զարգացում, որը կարճաժամկետ խնդիրներից դրանց լուծումը կտանի երկարաժամկետ նպատակների»,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: