Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամենօրյա մարտական ծառայությունը: Լարվածությունը սահմանին կարող է պահպանվել, սակայն իրավիճակը օգոստոսի 17-ի առավոտից ընդհանուր առմամբ հանգիստ է՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:
Անդրանիկ Մակարյան (ՀՀ ԳՇ պետի տեղակալ) - Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Զոհերի, վիրավորների մասին դուք արդեն գիտեք: Հակառակորդի մասին տեղեկությունը չենք կարող ասել, քանի որ իրենք, ինչպես միշտ, տեղեկություն չեն տալիս:
Մակարյանի հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ին ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները տեղի են ունեցել երկու ուղղությամբ՝ Կութի և Երասխի դիրքերում: Այն, որ իրավիճակը Կութի հատվածում այժմ հանդարտվել է, «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց նաև համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:
Նա միաժամանակ հաստատեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից գյուղի ուղղությամբ կրակելու փաստը:
Սիմա Չիտչյան (Կութ համայնքի վարչական ղեկավար) - Տների վրա էլ է կրակոց եղել: Ոչ մի տուժող չի եղել գյուղացիներից: Գիշերը հանգիստ է եղել, նույնն էլ՝ էսօր: Ոչ մի կրակոց չկա:
Սահմանային հերթական ընդհարումներն արձանագրվել էին օգոստոսի 16-ի գիշերը, երբ հակառակորդի ստորաբաժանումները սադրանքի էին դիմել Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Հայ դիրքապահներն իրականացրել էին հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը հետ էր շպրտվել ելման դիրքեր: Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել էր, որ ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել էր առնվազն մեկ զոհ:
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց հայկական կողմից երկու զոհված զինծառայողի մասին՝ մեկը սահմանի Երասխի ուղղությամբ, մյուսը՝ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում:
Հայկական կողմը նաև հաղորդել էր, որ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել: