Հայրենիք սիրել, պաշտպանել մանկուց է պետք սովորել. հայրը որդուն զենք ու զրահին է ծանոթացնում:
Մինչև կմեծանա, հայրենիք պահած մեծերը Պաշտպանության նախարարի, Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվում են «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով, պատվոգրերով։
«Սատար» հաշմանդամների կազմակերպությունը պատերազմի օրերին դարձավ «Սատար» կամավորական ջոկատ։ 44 օր՝ 45 հոգով սահմանին էին՝ Մարտակերտից Քաշաթաղ, Բերձոր: Նրանց մեծ մասն Արցախյան առաջին պատերազմում ծանր վիրավորված, Ապրիլյան քառօրյային մասնակցած հաշմանդություն ունեցող անձինք են:
Հունան Հունանյան, «Սատար» ՀԿ հիմնադիր նախագահ - Երբ հայրենիքը կարիքդ է ունենում, այդ ժամանակ հոգիդ է ցավում, ուրիշ ցավ չես զգում, իսկ այդ ցավը տանում է հայրենիքի սահմանները պահելուն:
Հայրենիքի սահման պահած, կյանք չխնայած, զոհաբերված ամեն մի կյանք թանկ է մեզ համար: Նաև «Սատարի» հետ դիրքից դիրք անցած, սահման պահած Պաշտպանության նախարարի խորհրդականը նշում է՝ մեզ վրա հարձակված երկիրը շատ թանկ է վճարել, մի քանի անգամ ավելի կորուստներ կրել։ Նաև ուշագրավ թիվ է հրապարակում՝ Ուկրաինայի Ժիտոմիրից 15.000 հատ գերեզմանաքարի պատվեր է եղել Ադրբեջանից:
Վարդան Ավետիսյան, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր - Դա արդեն անժխտելի փաստ է, է՛լ ավելին են նրանց կորուստները, բայց դա չի սփոփում մեզ:
«Սատարի» տղաներն ընկած ընկերներին խոստացել են՝ նրանց գործը կիսատ չի մնա: