Հայաստանը Տոկիոյի Օլիմպիադայում ոսկե մեդալ չնվաճեց, բայց մեր մասնակցությունից դժգոհ չենք: Հայ մարզիկները պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանը: Վարչապետը հյուրընկալելով մարզիկներին՝ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Օլիմպիական հավաքականին: Ընգծելով, որ երկրում առկա իրավիճակը, մթնոլորտն ազդեցությունն ունեցել են մարզիկների վրա, բայց նրանք կարողացել են պատշաճ ձևով ներկայանալ: Փաշինյանի խոսքով՝ հետագայում Օլիմպիադայում առավել հաջող մասնակցություն ունենալու համար, պետք է շատ արագ ամփոփել տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվել հաջորդ Օլիմպիադային:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն՝ Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ Օլիմպիադային ընդառաջ՝ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար: Սա, կարծում եմ, ընդհանրապես պետք է մեր գործելակերպը լինի: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է նպատակաուղղված լինի միջնաժամկետ հեռանկարին, որովհետև գործողության արդյունավետությունը ցույց տալու համար որոշակի ժամանակ է պահանջվում:
Մարզիկների հետ հանդպմանը վարչապետն ընդգծեց՝ սպորտը մեր երկրում պետք է առավել մասսայական դարձնել, քանի որ գործնականում պրոֆեսիոնալ սպորտի առկայությանը զուգահեռ զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով:
Նիկոլ Փաշինյան - Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում, և առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով՝ 3-րդ արդյունքն է:
Կարեն Գիլոյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Իհարկե, օբյեկտիվ պատճառներ կային, չնայած մենք 2 ոսկե մեդալ ակնկալում էինք: Արթուր Ալեքսանյանի ելույթներից հնարավոր չէ դժգոհել, լավ մասնակցեց, որոշակի խնդիրներ կային, պետք է հասկանանք ու տեսնենք՝ ինչպես կարելի է հակազդել այդ ամենին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև աշխատանքի բաժանում կատարելու և համատեղ ջանքերով առաջ գնալու առումով:
Գագիկ Ծառուկյան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ - Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել և հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները և այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետև արդեն պայմաններն ստեղծված կլինեն:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է հետևություններ անել և այսօրվանից ևեթ կենտրոնանալ հետագա անելիքների վրա:
Նիկոլ Փաշինյան - Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 Օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք:
Վարչապետի հետ հանդիպմանը ներկայացվել է տեղեկատվություն՝ հայտնի մարզիկների անվան մարզադպրոցների կառուցման ընթացքի, մարմնամարզության, հրաձգության, ոլորտների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի, մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաև Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը: