Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռ ամբողջովին չեն հաղթահարվել: Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների: Հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ուրուգվայցի գործընկերոջ՝ Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ հանդիպմանը և հավելել՝ մինչ հիմա չեն հայրենադարձվել ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում Հայաստանը շարունակում է ապավինել բարեկամ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի համերաշխությանը:
Արմեն Գրիգորյան, ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող - Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։
Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայն աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային և աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարել մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը:
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ նախ տեղի է ունեցել հանդիպում՝ ընդլայնված կազմով, այնուհետև կողմերը հանդես են եկել հայտարարությամբ: Հայ-ուրուգվայական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապաստան հանդիսացել հազարավոր մեր հայրենակիցների համար՝ նշել է Արմեն Գրիգորյանը: Այս պահին համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, դինամիկ, զարգանում է, սակայն ակնհայտ է՝ կա չօգտագործված ներուժ:
Արմեն Գրիգորյան - Մենք համակարծիք ենք, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ և պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը։
Հայաստանի և Ուրուգվայի ապրանքաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 23 միլիոն դոլար: Դրա շոշափելի մասը՝ 20 միլիոնը, բաժին է հասել Հայաստանից արտահանված ապրանքներին: Հայաստանը և Ուրուգվայն ունեն շատ ջերմ և ընկերական հարաբերություններ: Հայ համայնքը հարստացրել է Ուրուգվայը՝ իր հերթին հայտարարել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարը: Ֆրանսիսկո Բուստիժոն նաև անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Ֆրանսիսկո Բուստիժո, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար - Ուրուգվայը, որպես ՄԱԿ-ի անդամ-երկիր, տարածաշրջանի համար այս բարդ ժամանակահատվածում մտահոգություն է հայտնում և հայտարարում է, որ հակամարտությունները պետք է հանգուցալուծվեն առանց ուժի կիրառման՝ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի հիման վրա:
Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է՝ գնահատելով 30-ամյա հարաբերությունները, Մոնտեվիդեոն որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում: