Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-16-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 276 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 86, անձնական ունեցվածքի գողության՝ 72, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, յուրացման կամ վատնման՝ 12, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 5-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մարդու շահագործման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, ծեծի, փաստաթղթերի հափշտակության, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և բնակարանային գողության 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 6 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: