Պետական աջակցության մատչելի պայմաններով վարկավորմամբ տոհմային անասնաբուծությունը զարգացնելու ծրագիր է իրականացվում: Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ ոլորտն ակտիվ չի զարգանում:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Տոհմային անասնաբուծության ծրագրի մեկնարկից հետո օգտվել է 21 շահառու, ընդհանուր հաշվարկով ներկրվել է Հայաստանի հանրապետություն 1200 խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Նշեմ, որ այս թիվը այն նշաձողը չէր, որին մենք ուզում էինք հասնել:
Էկոնոմիկայի փոխնախարարը վստահ է` եվրոպական ցեղատեսակի կաթնատու և մսատու եկամտաբեր կենդանիներ շատ կներկրվեն, եթե անասնապահությունը ևս ապահովագրվի: Կենդանիների ներկրման վարկավորումը դանդաղում էր, քանի որ բանկերը գրավի առարկա էին պահանջում: Էկոնոմիկայի նախարարության մշակած ծրագրով կենդանին ինքնին արդեն համարվելու է գրավի առարկա:
Տիգրան Գաբրիելյան - Ի տարբերություն բուսաբուծական մթերքի՝ կենդանին ինչ-որ չափով կարելի է դիտել ապահովված, քանի որ որոշակի մասը` շուրջ 50 տոկոսով, մսի տեսքով կարող են ապահովագրականները հետ ստանալ:
Կարկուտ, հրդեհ, ցրտահարություն. եթե բուսաբուծությունում ռիսկերը մի քանիսն են, անասնապահությունում ռիսկեր գրեթե չկան: Միակ մտավախությունը, թերևս, հիվանդություններն են: Բացի դրանիօց՝ անասնապահությամբ զբաղվողները պարտադիր պետք համագործակցեն անասնաբույժի հետ: Վեց հիվանդության դեմ էլ տարեկան պատվաստումների ծախսն անվճար է, դրանք կատարվում են պատպատվերով:
Տիգրան Գաբրիելյան - Հիվանդությունների առումով՝ անասնապահությամբ զբաղվողը գումարներ չի ներդնում, քանի որ և՛ պատվաստանյութերը, և՛ պատվաստման գումարները տրամադրում է պետությունը:
Քանի որ երկրի անասնագլխաքանակը համարակալված չէ, փորձնական կապահովագրեն տոհմային անասնաֆերմաների համարակալված կենդանիները: Համատարած համարակալումից հետո փորձը կկիրառեն այլ տնտեսություններում ևս: Ծրագիրը պատրաստ է, կիրառման մեխանիզմները քննարկում են ապահովագրականների հետ: