ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը:
Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես դպրոցները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ օտար լեզվով խորացված ուսուցմամբ, ազգային փոքրամասնությունների և ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասագրքերի տրամադրման մեկ միասնական կարգ սահմանելու պահանջով։
Նախատեսվում է կանոնակագրել հետևյալ ուսումնական նյութերի և ձեռնարկների շրջանառությունը.
-
հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքեր,
-
օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր,
-
ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքեր,
-
մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր,
-
բրալյան դասագրքերի և տետրեր։
Նախատեսվում է թվայնացնել ինչպես վերոնշյալ, այնպես էլ տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։
ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը կիրականացվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Մասնավորապես, վերոնշյալ հարթակում կիրականացվեն տարրական դասարանների և թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձևավորման և հաշվառման գործընթացները: Նախագծով սահմանվում է նաև մշտադիտարկում իրականացնել դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ:
Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատում է տնօրենը։
Հավելենք, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձևավորման նոր կարգի նախագիծը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: