Արևմտյան բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ իրենց հոդվածները գրեթե նույնությամբ են սկսում. «Գիշերը կառավարությունը Քաբուլում փլուզվեց, Արևմուտքի աջակցությունը ստացող նախագահը փախել է երկրից, զինյալները մտել են նրա պալատ»:
The Washington Post-ը նշում է, որ Աֆղանստանի մայրաքաղաքի գրավմանը պատրաստվում էին տարիներ շարունակ, բայց, ի վերջո, դա տեղի ունեցավ մեկ օրում:
Ըստ The New York Times-ի՝ անցյալ շաբաթ գյուղերով և քաղաքներով ապստամբների արագ առաջխաղացումն անակնկալի է բերել ամերիկացի զինվորականներին և կառավարությանը:
Politico-ն ընդգծում է, որ ո՛չ պաշտոնական գնահատականներով, ո՛չ հետախուզական տվյալներով չէր սպասվում, որ թալիբներն այդքան արագ կվերցնեն ամբողջ Աֆղանստանը:
Financial Times-ը գրում է, որ թալիբների մուտքը Քաբուլ «դարձավ մեկ շաբաթվա կայծակնային հարձակման գագաթնակետը», որի ընթացքում գրոհայինները գրավեցին երկրի մեծ մասը: Պարբերականը ենթադրում է, որ Աֆղանստանը «շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ»:
Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ մարտերում կոփված աֆղանստանցի հրամանատարները տակտիկական նահանջ են կատարել վերախմբավորվելու համար և, ամենայն հավանականությամբ, շուտով կկռվեն թալիբների դեմ: