Սեպտեմբերին Հայաստանը կունենա դեռևս գոյություն չունեցող 1000 դասի մաքուր սենյակ՝ նյութագիտության մեջ տվյալների գրանցման, նոր դետեկտորների գերճշգրիտ աշխատանքի ստուգման, միջավայրի համար մաքուր էլեկտրոնիկայի մշակման նպատակով:
Անի Ապրահամյան (ԱԱԳԼ հիմնադրամի տնօրեն) - Այս մակարդակի մաքուր սենյակ, որ ուղղակի հետազոտությունները անենք՝ նոր մատերիալներ պատրաստելու, և մաքրությունը, նոր դետեկտորների, էլեկտրոնիկայի հետ աշխատելու, մեզ համար շատ կարևոր է:
1000 դասի մաքուր սենյակը հնարավորություն կտա ինֆրակարմիր ճառագայթման դեպքում գրանցել անտեսանելի նյութեր, որոնք կիրառելի են պատերազմի ժամանակ: Մաքուր միջավայրը թույլ կտա զարգացնել միջին ենթակառուցվածքները՝ արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Ազգային գիտական լաբորատորիան արդեն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել տարբեր կառույցների հետ՝ մաքուր սենյակը համատեղ օգտագործելու համար: Անհրաժեշտ նյութերը և միջոցները ձեռք են բերվել Միացյալ Նահանգներից:
Անի Ապրահամյան - Մեզ տալիս է այս մաքուր սենյակը մի նոր բան, որ չկա Հայաստանում, և ով որ ուզե Հայաստանեն, մասնավորեն կամ որևէ գիտական կենտրոնեն, իրենք կարող են գալ և միատեղ համագործակցել՝ օգտագործելով մաքուր սենյակը:
Հայաստանը կարող է և պետք է իր ամբողջ ներուժը ներդնի՝ գիտության դինամիկ զարգացումը ապահովելու համար: Պրոֆեսոր Ապրահամյանը համախմբել է մի քանի տասնյակ գիտնականների սփյուռքից, հրավիրել Հայաստան: Մեկ ամսով գիտնականները Հայաստանում են, համատեղ մշակում են գաղափարներ՝ տնտեսության, ռազմարդյունաբերության ոլորտները զարգացնելու համար: Արձանագրում է՝ աշխարհի մասշտաբով հայ գիտնականները մասնակցում են կարևոր հետազոտությունների, բայց ինքն ուզում է ամեն ինչ իրականացվի հենց Հայաստանում, ունենանք մերը՝ հայկականը:
Նոտր Դամի համալսարանի պրոֆեսորը տարվա մեջ համագործակցում է մի քանի տասնյակ գիտական կառույցների հետ: Նկատել է՝ շատ երկրներ ունեն գումար, բայց չունեն գաղափարներ: Հայաստանում իրատեսական ծրագրերի իրականացման կարևոր հարթակ է՝ պարզ պատճառով:
Անի Ապրահամյան - Մենք գաղափարներ ունենք, մենք խելք ունենք, միանանք այս խելքերը և աշխատացնենք, անել ադ բաները, որ ուրիշնորը չեն կարող, չեն մտածած, մենք ունենք էլեկտրոնային փունջ:
Խոսքը արագացուցչի մասին է: Ունենք ցիկլատրոն՝ քաղցկեղի ախտորոշման համար: Հիմա գիտնականները պրոֆեսոր Ապրահամյանի նախաձեռնությամբ զբաղվում են միջուկային էներգիայով: Բացի դրանից՝ սեպտեմբերի 1-ին ազգային գիտական լաբորատորիան կունենա նոր թթվածնային կայան: Իրենց հաշվարկով տասն օր անց կարտադրեն 99.9 տոկոս մաքրությամբ թթվածին: Սա հնարավորություն է տալիս արտադրել կրկնակի ծավալով թթվածին:
Անի Ապրահամյան- Այդ թթվածինը մեզի տալիս է քաջություն, կրնանք փորձել որոշ բաներ, որ չենք կարող փորձել, եթե միայն առողջապահությանը բավարարի:
Շատ երկրներ մեծ ռեսուրսներ են ներդնում քվանտային ֆիզիկայի, քվանտային հաշվարկի և քվանտային կիրառական ֆիզիկայի ուղղությամբ: Պրոֆեսորի հեռանկարային ծրագրում գիտական և տեխնոլոգիական այս ոլորտում դարձյալ Հայաստանն է՝ պետք է մաս կազմի քվանտային հեղափոխության: