COVID-19-ով պայմանավորված իրավիճակն աշխարհում լարված է. մասնագետները կորոնավիրուսի 4-րդ ալիքն են կանխատեսում: Մեր տարածաշրջանում էլ պատկերը հուսադրող չէ: Օրինակ՝ հարևան Վրաստանն ու Իրանը կրկին գնում են սահմանափակումների ճանապարհով: Հայաստանն էլ կորոնավիրուսի նոր ալիքի շեմին է, եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն. արձանագրեց համաճարակաբան Ռոմելա Խաչատրյանը՝ նկատելով, որ վարակվածության դեպքերի կտրուկ աճ է նկատվում:
Ռոմելա Աբովյան (ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության բաժնի պետ) - Վերջին 14 օրվա արդյունքները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, մենք ունենք դեպքերի շուրջ 45 տոկոս աճ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 7 օրվա հաշվարկով 1.27 է, այսինքն՝ մեկից բարձր է, ինչը նշանակում է, որ վարակն արագ տարածվում է: Եթե հստակ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում մենք կունենաք մոտ 2900 նոր դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6175 քաղաքացի, ինչը գրեթե կրկնակի շատ է մեկ ամիս առաջվա ցուցանիշի համեմատ. հուլիսի 16-ին փաստացի բուժում ստանում էր ընդամենը 3315 քաղաքացի:
Հռիփսիմե Խաչատրյան (ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար) - Թոքային օդափոխման սարք միացված է 54 քաղաքացու, ծայրահեղ ծանր է համարվում 99 քաղաքացի, իսկ ծանր է գնահատվում 463 քաղաքացու առողջական վիճակ: Պետք է ասեմ, որ այս պահին ունենք 190 մահճակալ՝ առանձնացված վերակենդանացման բաժանմունքի համար, որից 160-ը զբաղված է: Ցունանիշներն արդեն իսկ զգոնության կոչ են անում, և 1000-ից ավելի քաղաքացիներ միայն ստացիոնար բուժում են ստանում:
Համաճարակային լարված իրավիճակն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կապված է «Դելտա» շտամի տարածմամբ: Հայաստանն էլ բացառութուն չէ: Վարակվածության դեպքերի աճ կա մանկապատանեկան՝ 0-18 տարիքային խմբում: Հայաստանն արդեն կարմիր գոտում է:
Ռոմելա Աբովյան - Այսօր ՀՀ-ում ևս շրջանառվում է «Դելտա» շտամը, քանի որ մենք իրականացրինք ընտրանքային հետազոտությունն ու տարբեր խմբերից վերցրած նմուշներում «Դելտա» շտամը հայտաբերվել էր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «Դելտա» շտամը, ի տարբերության այլ շտամների, ավելի արագ է տարածվում:
Կորոնավիրուսով վարակվելու թվերի աճին զուգահեռ՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը կրկին հիվանդանոցների վերապրոֆիլավորման ճանապարհով է գնում:
Հռիփսիմե Խաչատրյան - Այսօրվա դրությամբ քովիդով հիվանդների բուժումն իրականացվում է 10 բժշկական կենտրոնում՝ 8-ը՝ Երևանում, 2-ը՝ մարզերում: Այս առումով նախարարությունը ճկուն քաղաքականություն է վարում, ու պետք է ասել, որ հիվանդանոցները պատրաստ են արագ վերապրոֆիլավորման, իրավիճակը գնալով լարվում է:
Այս պահին Հայաստանում դեռևս չի քննարկվում նոր սահմանափակումներ մտցնելու հարցը, սակայն Առողջապահության նախարարությունից նկատում են, որ կորոնավիրուսը կանոններ թելադրող վարակ է, և ոչինչ բացառել հնարավոր չէ:
Հեղինակ՝ Անի Օհանյան