Այսօրվա այցելությունը վերահաստատեց մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու կարևորությունը: Այս մասին ասաց Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:
«Հայաստանը և Ուրուգվայը շատ խոր և ջերմ բարեկամական կապեր են կիսում, որոնք ծնվել են ոչ բարեկամական պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Ուրուգվայը, որն աշխարհի մյուս ծայրում է գտնվում, կարողացավ լինել այն հյուրընկալ անկյունը բոլոր նրանց համար, որոնք, ինչպես մնացած այլ ժողովուրդները, հորիզոններ էին փնտրում ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքների համար: Այսօրվա հանդիպմանը կարևորել ենք բոլոր այն արժեքները և սկզբունքները, որոնք երկու երկրները կիսում են: Խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, շրջակա միջավայրի պաշտպանության մասին է»,- ասաց Բուստիժոն:
Նա անդրադարձավ նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությանը:
«Այսպիսի մի դժվար ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը կասկածի տակ են տարբեր հակամարտությունների պատճառով, Ուրուգվայն իր անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանը և հայտնել, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց բռնի ուժի, որը պետք է նպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի և հակամարտությունների խաղաղ լուծման ճանապարհով»,- ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը: