Նկարիչ Հովhարի տանը գույների պակաս չկա: Արվեստանոցը հենց իր տունն է: Տուն-արվեստանոցում օրը սկսվում, ավարտվում է արվեստով:
ՀովՀար (նկարիչ) - Ես նկարիչ-արվեստագետ եմ, դա ամենափառահեղ բանն էր, որ կյանքը տվել է: Հյուրեր են գալիս, տուրիստներ են շատ գալիս, պարապմունք, օրվա 24 ժամը անցնում է արվեստի մեջ, արվեստի թեմաներով զրույցներ, ու ամեն օր նկարում կամ քանդակում եմ:
Բոլորն իր գործերն են՝ տարբեր ոճերով. տարիների ընթացքում ասելիքն էլ, գույներն էլ փոխվել են: Երբեմն համադրում է: Արվեստասերին արդեն հայտնի գործերը ներկայացնում է սեփական մոտեցմամբ: Խորհրդավոր ընթրիքն է՝ հայելու անդրադարձով:
ՀովՀար - Հիմա Հիսուսը, Հուդան, որ հակառակ բևեռն էր ու Պետրոսը, որ իրենց մեջտեղում էր: Այդ անդրադարձն է, ամեն մեկը, որ կերպարում քեզ ուզենաս, տեսնես, որովհետև դու կարաս 3 կերպարում էլ լինես:
Պատերազմից հետո իր ներկապնակում գույները շատացել են, ասում է՝ ինքնապաշտպանվելու ձև է: Փորձում է բացասականի մեջ գտնել դրականը:
ՀովՀար - Մինչև պատերազմ, շատ ավելի գորշ կարային լինեին գույները՝ ավելի մոնոտոն, հիմա գույն է, օրինակ՝ ծաղիկների շարքը սկսել եմ կովիդի ժամանակ: Այդ ամբողջ ընթացքում, որ տանից դուրս չէինք գալիս, գարնան պակաս ունեի, ծաղիկների պակաս ունեի:
Պատերազմից հետո իր տանը ապրում էին արցախցի երեխաներ, նրանց էլ նկարել: Նոր շարքը կներկայացնի մյուս տարի հունիսին՝ անհատական ցուցահանդեսին: Տուն-արվեստանոցում արվեստագետների պակաս չի լինում. կազմակերպվում են ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ: Երբեմն հյուրերը անծանոթ մարդիկ են:
ՀովՀար - Առավոտը աղմուկից զարթնում եմ այն պահին, որ սենյակիս մեջ մի գիդ կին է կանգնած ու չինացի տուրիստներ են կանգնած: Իրենք սենց նայում են, որ վեր կացա, կինը սենց ասեց՝ ոչինչ, ոչինչ դու քնի:
Գույները պակասում են, երբ խոսում ենք խնդիրներից: Կարծում է՝ մեր հասարակությունը հեռանում է արվեստից, խոսքը անհատների մասին չէ: Դժգոհ է, որ պաշտոնյաները հաճախ չեն խոսում մշակույթի մասին, մինչդեռ հասարակությանը պետք է մոտեցնել արվեստին:
ՀովՀար - Եթե ես տեսնում եմ, որ ինքը չի գալիս դեպի իմ արվեստ, արի մենք արվեստը տանենք, որովհետև դրա կարիքը կա:
Նկարիչը կարծում է՝ արվեստի գործիչները կարող են մարդկանց օգնել դուրս գալ դժվար իրավիճակից: Վստահ է, որ այդ մարդիկ ապրում են իր կողքին:
Հեղինակ՝ Անի Ավագյան