ԻՐԱՆՈՒՄ ԼՈՔԴԱՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Կորոնավիրուսի 5-րդ ալիքի պատճառով Իրանում լոքդաուն է հայտարարվել, երկրում հաստատվել են խիստ սահմանափակումներ: Մինչև օգոստոսի 27-ը արգելվել է միջնահանգային երթևեկությունը: Օգոստոսի 16-21-ը բոլոր հիմնարկությունները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքը: Բացառություն են կազմում կենսական նշանակության օբյեկտները: Նշենք, որ օգոստոսի 15-ին Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ 620 դեպք մեկ օրում:
ՀԱՅԻԹԻՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 1300-Ի
Ըստ Հայիթիի քաղպաշտպանության ծառայության վերջին տվյալների՝ օգոստոսի 15 ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 1300-ի, ևս 5700 մարդ ստացել է տարբեր կարգի վնասվածքներ, ամբողջովին ավերվել կամ վնասվել է 30 000 տուն:
7.2 մագնիտուդով ցնցումների էպիկենտրոնը եղել է Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 160 կմ հեռավորության վրա՝ Կայ քաղաքի մոտակայքում:
Երկրում առկա է նաև արևադարձային անձրևների վտանգ, ինչը կարող է խանգարել փրկարարական աշխատանքներին: Աղետից տուժած 4 շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն:
64 ԶՈՀ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու, Սինոպ և Բարթին նահանգներում տեղատարափ ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի:
Տարերային աղետից տուժել է 284 մարդ, 76-ը համարվում է անհետ կորած: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը աղետի գոտի է հայտարարել ջրհեղեղներից և սողանքներից տուժած շրջանները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ավելի քան 1700 մարդ է տարհանվել: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների ավերման պատճառով մի շարք մայրուղիներում երթևեկությունն արգելափակվել է: