Գիտնականները արձանագրում են՝ այս ամառը կհիշվի աննախադեպ ավերիչ բնական աղետներով՝ գրում է Euronews-ը:
Միայն Իտալիայում վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան 120 հազար հեկտար անտառ է այրվել, հինգ մարդ մահացել է: Պաշտոնական տվյալներով՝ եվրոպական երկրներից հրդեհից առավել շատ տուժել է Իտալիան, կրակի մարման աշխատանքին ներգրավված է 7600 հրշեջ:
Ծանր իրավիճակ է նաև Իսպանիայում: Անդալուզիայի հարավում ջերմաստիճանը անցել է 47 աստիճանից, ինչը կարող է նոր ռեկորդ դառնալ երկրում: Հրդեհն ընդգրկել է 10 հազար հեկտար տարածք, աղետի գոտու բնակիչները ստիպված տարհանվել են:
Մարոկկոյում արդեն երկրորդ օրն է՝ հրշեջները պայքարում են երկրի հյուսիսում բռնկված կրակի դեմ: Մարոկկոյի մի քանի շրջանում ջերմաստիճանը հասել է 49 աստիճանի: Ոչնչացվել է 200 հա անտառ:
Ալժիրի հյուսիսում էլ հրդեհի 19 օջախ է գրանցվել: Մոտ մեկ շաբաթում այստեղ մահացել է մոտ 90 մարդ: Հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում են ռուսական 5 Մի-26 ուղղաթիռ և ֆրանսիական 2 հրդեհաշիջման ինքնաթիռ:
Հրշեջները կրակի դեմ պայքարում են նաև ԱՄՆ Կալիֆոռնիա և Յուտա նահանգներում: Անտառային հրդեհների պատճառով այստեղ 6-8 հազար ընտանիք է տարհանվել:
Միջերկրական ծովի ջերմային ալիքը հասել է նաև Փարիզ: Անցած հանգստյան օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը 33 աստիճանից բարձր է եղել: Փարիզցիները ստիպված են եղել զովանալ շատրվաններով: