Կարեն Ճռիկյան - Մեքենայի բանալին, որ ուզում եմ բացել, չեմ կարողանում, խնդիր է, պետք է ձախ ձեռքով անեմ:
44-օրյա պատերազմի երկրորդ օրը որպես պահեստազորային Կարեն Ճռիկյանը մեկնել էր Արցախ, Քարվաճառում վիրավորում ստացել հոկտեմբերի 2-ին:
Կարեն Ճռիկյան - Բեկորային, հետո երբ տեղափոխում էին, շրջափակման մեջ ընկանք, ուսից հրազենային վիրավորում ստացա, բեկորայինի հատվածն էլ սա է:
Աջ ձեռքն իրեն գրեթե չէր ենթարկվում, բայց արդեն մի քանի շաբաթ է՝ վերականգնողական բուժումներ է անցնում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում, արդյունքը ոգևորող է:
Կարեն Ճռիկյան - Արդեն մատներս շարժում եմ, բայց իրեր բռնելը կամ ծանրություն վերցնելը բարդություն է ներկայացնում:
44-օրյա պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների անվճար բուժման ծրագիրն իրականացվում է ամերիկահայ բարերարների աջակցությամբ՝ Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Տղաների հետ աշխատում է հետպատերազմական վիրավորների հետ աշխատանքի 9 տարվա փորձ ունեցող սիրիահայ Ասպետ Քել Խաչերեանը:
Ասպետ Քէլ Խաչերեան (ֆիզիոթերապիստ) - Ամերիկահայ հաստատություն կա, որի բժիշկ Սարգիս Կիրամիջյանն առաջարկեց, որ կինեզոյի մասնագիտությամբ աշխատեմ մեր զինվորների հետ, որոնք ֆիզիկական վնասվածքներ ունեն և ռեաբիլիտացիայի կարիք ունեն: Ես անշուշտ, առանց մտածելու իմ «այո»-ն տվեցի:
Համաձայնեց ու արդեն մի քանի ամիս է՝ օգնում է վերականգնվել հիմնականում հրազենային, բեկորային վիրավորում ստացած, ոսկրային, նյարդային և այլ տեսակի վնասվածքներ ունեցող տղաներին:
Ասպետ Քէլ Խաչերեան - Կան մեր տղերքից, որ նույնիսկ մինչև 1000 տոկոսանոց բուժում ստացան և ստեղից նորմալ քայլելով դուրս եկան:
100 տոկոսանոց վերականգնման՝ դեռ չէ, բայց արդեն լավ արդյունքների է հասել հադրութցի Կարեն Եգորյանը: Պայմանագրային զինծառայողը Մարտունու Ննգի գյուղում վրավորում էր ստացել հոկտեմբերի 28-ին:
Գլխի բեկորային վնասվածքից հետո աջ ձեռքն ու ոտքն անշարժացել էին, ոչ քայլել էր կարողանում, ոչ մատները շարժել:
Կարեն Եգորյան - Արդեն կարողանում եմ ուղիղ նստել, մատներս բացվում են արդեն, էն ժամանակ չէր բացվում:
Մարդու ծնկները ծալվում են 130-140 աստիճան, վիրավորումից հետո Կարենի մոտ այդ նորմը խախտվել էր, ամենօրյա աշխատանքով վերականգնում են:
Կարենը Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում վերականգնվելու հնարավորության մասին իմացել է Ֆեյսբուքից: Ասպետն էր հայտարարություն տարածել, որ տղաներն անվճար բուժման հնարավորության մասին ավելի հեշտ ու արագ տեղեկանան: Արդեն տասնյակ տղաների է օգնել՝ վերադարձնելով նրանց քայլելու, շարժվելու ու ժպտալու կարողությունը, հերթը մյուսներինն է:
Ասպետ Քէլ Խաչերեան - Ցանկանում եմ՝ բոլոր զինվորները, որ այստեղ են գալիս, հանգիստ քայլելով դուրս գան: