Լոռիում ապօրինի ծառահատման հերթական դեպքը երկու անձի մահվան և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման պատճառ է դարձել: Քննչական կոմիտեն հայտնում է՝ Մարց գյուղում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են ծառերով բեռնված մեքենան, փորձել են կանգնեցնել, բայց վարորդը չի ենթարկվել օրինական պահանջին, շրջադարձի ժամանակ ընկել է ձորը և բախվել ծառին:
Արման Գալստյան, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ - Ցավոք, երկու անձ զոհվել է, ոստիկանները մոտեցել են՝ օգնություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ, կանչով փորձել են դեպքի վայր հրավիրել այլ ոստիկանների և շտապօգնության մեքենա, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիները ծեծի են ենթարկել ոստիկաններին, ավելին՝ նրանք քարերով ջարդել են ոստիկանության ծառայողական մեքենան, իսկ դեպքի վայր՝ օգնության նպատակով ժամանած ոստիկանների մյուս մեքենան այրել են:
Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանության և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հոդվածներով:
Արման Գալստյան - Հանցագործության կատարմանը մասնակցած 4 անձանց ինքնությունը պարզվել է, ձերբակալվել են, ներկայումս շարունակվում են քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ դեպքի մասնակից մյուս անձանց ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ապօրինի ծառահատման փաստով նշանակված է ստուգում, իրավապահները փորձում են պարզել բնությանը պատճառված վնասի չափը: Արման Գալստյանի խոսքով՝ դեպքի մասնակիցներից մեկը 2 տարի առաջ էլ ապօրինի ծառահատման համար ենթարկվել է պատասխանատվության:
Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ապօրինի հատումների վերաբերյալ տարվա սկզբից հարուցվել է 74 քրեական գործ: Պատճառվել է 112 մլն 387 հազար դրամի նյութական վնաս, որից վերականգնվել է 500 հազար դրամը: Կալանք է դրվել 1 մլն 400 հազար դրամ արժողությամբ գույքի վրա՝ նյութական վնասի հատուցման համար:
Արման Գալստյան - Ե՛վ 2020 թ., և՛ 2021 թ. նույն ժամանակահատվածում, դեպքերի նվազում տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ չնայած տարվող պայքարին, դեպքերը կատարվում են հավասարաչափ:
Հանրապետության ողջ տարածքում 2021 թվականի առաջին կիսամյակում հայտնաբերվել է 4844 ապօրինի հատված ծառ: Տեսչական մարմինը նշում է՝ իրավապահ մարմիններին ուղարկվել է ապօրինի ծառահատման վերաբերյալ 393 հաղորդում:
Միքայել Սանթրոսյան, ՀՀ ԲԸՏՄ բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ - Ունեցել ենք 1083 խմ ապօրինի ձեռք բերված փայտանյութի տեղափոխման դեպք: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը՝ 504 մլն դրամ:
Միքայել Սանթրոսյանը նախորդ տարիների համեմատ՝ ապօրինի ծառահատման դեպքերի նվազում է արձանագրում: Դրա մի քանի պատճառ է տեսնում:
Միքայել Սանթրոսյան - Իրականացվել են համատեղ միջոցառումներ, ԲԸՏՄ-ն է ուժեղացված վերահսկողություն իրականացնում, իրավապահ մարմինների հետ համատեղ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում:
Տեսչական մարմնի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ ապօրինի հատված ծառերը հիմնականում օգտագործվում են որպես վառելափայտ: Նշված հանցագործության թվերով շարունակում են առաջատար մնալ Լոռու և Տավուշի մարզերը: