ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ ներկայումս իրականացվում են մի շարք քայլեր՝ Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա քաղաքացիական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի մեկնումը Աֆղանստանից։
«Վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հարցերով զբաղվող մեր անձնակազմի թիվը հասցվել է մոտ 6000 զինծառայողի, որոնց առաքելությունը բացառապես կենտրոնացած է այս ջանքերին աջակցելուն և օդային փոխադրումները վերահսկելուն։ Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք հազարավոր ԱՄՆ քաղաքացիների, որոնք բնակվում էին Աֆղանստանում, ինչպես նաև Քաբուլի ԱՄՆ դեսպանության տեղացի աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին ու այլ հատկապես խոցելի աֆղանստանցիներին»,- նշված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 2000 աֆղանստանցի փախստական է ժամանել ԱՄՆ։