Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստում խմբակցությունների ղեկավարները ներկայացրել են մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին որոշումները:
Աժ տնտեսական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային և բյուջետային, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
Իշխող մեծամասնության նախընտրած առաջին երեք հանձնաժողովում նախագահելու են ընդդիմադիրները, իսկ ընդդիմադիրների նախընտրածներում նախագահները «Քաղաքացիական պայմանագրից» են:
Իսկ թե ովքեր են առաջադրվելու մշտական հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններում, խմբակցությունները դեռ չեն հայտնում:
Ընտրությունը տեղի կունենա հանձնաժողովների նիստերում, մինչև այդ էլ խմբակցությունները կներկայացնեն հանձնաժողովներում իրենց անդամներին: