ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի խոսքը Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ մամուլի հայտարարության շրջանակներում:
«Հարգելի՛ գործընկերներ,
Պատիվ ունեմ հյուրընկալելու Ուրուգվայի իմ գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, որը գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով։ Այս այցը վերահաստատում է հայ-ուրուգվայական ջերմ հարաբերությունները և բարեկամական ամուր կապերը:
Հաջորդ տարի Հայաստանը և Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ համատեքստում մենք այսօր բովանդակալից զրույց ունեցանք անցյալի ձեռքբերումների, ներկա հնարավորությունների ու ապագա հեռանկարների մասին:
Իհարկե, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը, հայ և ուրուգվայցի ժողովուրդների կապերն առավել ընդգրկուն պատմություն ունեն։ Մենք հիշում ենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965 թ․ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչով վերահաստատեց համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:
Գիտեք նաև, որ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ուրուգվայի հյուրընկալ հողում։ Իսկ ուրուգվայահայ համայնքը, որը մշտապես եղել է Ուրուգվայի պետության հոգածության ներքո, իր ավանդն է բերում այդ երկրի զարգացման գործում՝ մեր երկրների հարաբերություններում կատարելով նաև յուրօրինակ կամրջի դեր։
Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։
Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային և աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա։
Այսօրվա մեր հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում, և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են։
Միջխորհրդարանական կապերն ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում: Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:
Մենք համակարծիք ենք, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ և պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը։
Կցանկանայի ընդգծել նաև, որ մեր երկրների միջև գործում է մուտքի՝ առանց վիզաների ռեժիմ, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:
Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել պարոն Բուստիժոյին և խոսքը փոխանցել նրան:
Շնորհակալություն»: