ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա հարաբերությունները և շնորհակալություն հայտնել Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին շնորհակալությունն է հայտնել Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:
Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և Վրաստանը կարևորում է մեր երկրի հետ փոխշահավետ համագործակցությունը: Ըստ նրա՝ երկու երկրներն այդ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունեն:
Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը և հույս հայտնել, որ հետագայում ևս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:
Դեսպանը ևս կարևորել է տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշել է, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը: