44-օրյա պատերազմի մասնակից Սմբատ Կարապետյանը վիրավորում ստանալուց հետո սկսել է ակտիվորեն զբաղվել սպորտով: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ:
Սմբատ Կարապետյան (զինհաշմանդամ) - Խթան է հանդիսանում, որ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք ներգրավվեն, զբաղվեն սպորտով, ձեռք բերեն մեծ ընկերական շրջապատ և մի պահ կտրվեն իրենց առօրյայից:
Հաշմանդամություն ունեցող տղաների համար նման մրցաշար կազմակերպելու նախաձեռնությունն արդեն 20 տարի սպորտի այս տեսակով զբաղվող Ստաս Նազարյանինն է:
Ստաս Նազարյան (պարալիմպիկ մարզիկ) - Շուրջ 25 զինհաշմանդամ տղաներ են այս պահին գտնվում այստեղ, զբաղվում են չորս սպորտաձևով՝ բազկամարտ, ծանրամարտ, սայլակավազք և լող:
44-օրյա պատերազմի մասնակիցներին իրենց ներկայությամբ քաջալերել են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Սիսակ Գաբրիելյանը նման նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարում:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ինձ համար ողջունելի է, որ այն արհավիրքից հետո, որ անցել են տղաները, չեն կոտրվել և, բնականաբար, չպետք է կոտրվեն, և այսպիսի միջոցառումները պետական հովանավորությամբ պետք է տարեկան առնվազն 2-3 անգամ անցկացնել:
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ընդգծում է՝ կազմակերպված միջոցառումը սովորական չէ, քանի որ դրան մասնակցում են ոչ սովորական մարդիկ:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հաղթող է, նայեք՝ մարդը, որն այդ հաղթանակները կերտած եկել է այստեղ: Սրանք փոքր հաղթանակներ են, իրար մեջ են հաղթանակները, բայց այս միավորումները մեր երկրի ապագային միտված միավորումներ են, և յուրաքանչյուրը պետք է փորձի նմանվել իրենց՝ կրթության, խիզախության, երկիրը պահելու մեջ:
Մրցաշարի ավարտին հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, իսկ նախաձեռնության հեղինակ Ստաս Նազարյանն օրեր անց կմեկնի Տոկիո՝ Պարալիմպիկ խաղերում արդեն օլիմպիական մեդալ նվաճելու նպատակով: