Այս տարի Կապանում «Երիտասարդական փառատոն» միջոցառման օրակարգն ավելի հագեցած էր` հեծանվավազք, գրքի շնորհանդես ու տաղավարային ցուցահանդես-վաճառք:
Արդեն 2-րդ տարին է կազմակերպում ենք «Երիտասարդական փառատոն», պարզապես այս տարի ընդլայնվել է համագործակցության շրջանակը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԱԿ-բնակչության պահպանման գրասենյակներ, իսկ մշտական աջակիցն է Կապանի համայնքապետարանին կից «Երիտասարդական խորհուրդը», ասում է համայնքապետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Թերեզա Գալստյանը:
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված 15 տաղավարներն այցելուներին տեղափոխում են Սյունյաց արհեստների ու արվեստների աշխարհ, ինչպես նաև ծանոթացնում տեղի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքին: Տաղավարներից մեկում Կապանի Խոտավնի բնակչուհի Լուսինե Սարգսյանի ձեռքի աշխատանքներն են ներկայացված, որոնք պատրաստված են թափոններից:
Ցուցադրված են նաև համայնքի տաղանդավոր նկարիչների աշխատանքները: Իսկ ահա մասնագիտությամբ իրավաբան, բայց Կապանում ճանաչված ֆլորիստ-դիզայներ Արմինե Ավետյանն էլ համավարակի ժամանակ իր հոբբին աշխատանքի վերածեց. այսօր ցուցադրության է բերել իր աշխատանքներից երեքը:
Երիտասարդական լավագույն տաղավար ճանաչվեց և մրցանակի արժանացավ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Տնկի՛ր քո ծառը» խորագրով տաղավարը, որի ներկայացուցիչները մասնակիցներին բաժանում էին «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանից բերված տնկիներ: