Միանգամից ստեղծվում է QR կոդով ՀԴՄ-ն: Նոր օնլայն ՀԴՄ-ն հատկապես համավարակի օրերին օնլայն առևտրով զբաղվողների համար է, որ նաև հարկ են վճարում Պետեկամուտների կոմիտե:
Լուսինե Այվազյան (ՊԵԿ ՏՏՎ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - Այսինքն՝ հարկ վճարողն ունի էլեկտրոնային հարթակ, եթե առևտուրն իրականացնում է հարթակի միջոցով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ: Քանի որ ծրագրային ապահովումն իրականացնում են հարկ վճարողները, հարկ վճարողը երբ պատրաստ է, անցում է կատարում ՀԴՄ-ին:
Օնլայն էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար պետք է հարկային մարմնին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կրկին օնլայն դիմում լրացնել, նշել կայքի կամ հավելվածի անվանումը, ապա՝ ներկայացնել ՊԵԿ: Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը ստանում է սերտիֆիկատ, որ վստահ լինի՝ տվյալներն անվտանգ են փոխանակվում:
Լուսինե Այվազյան - Ստացվում է, որ հարկ վճարողն ունի գրանցված էլեկտրոնային ՀԴՄ, իսկ իր կտրոնի մասին ինֆորմացիան փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական համակարգ:
ՀԴՄ սարք գնելու փոխարեն QR կոդ ստեղծելու միտքն օնլայն բիզնեսով զբաղվողներին դուր է եկել, վստահեցնում են ՊԵԿ-ում: Նույնիսկ առաջարկել են իրենց ծրագրային ապահովումն էլ էլեկտրոնային դարձնել, հիմա աշխատում են այս ուղղությամբ:
Լուսինե Այվազյան - էդ դեպքում կստացվի, որ տնտեսվարողը միայն հեռախոսի առկայության դեպքում հնարավորություն կունենա կտրոն ձևավորելու և առևտուր անելու կամ ծառայություն մատուցելու:
Ի դեպ, պարտադիր պայման կա. էլեկտրոնային կտրոնի վրա տպված QR կոդը պետք է ցույց տա ապրանքների ցանկը, իսկ հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ օնլայն փոխանցել իրենց հաճախորդին: